Ոստիկանությունը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն կունենա. նախագիծ
Ոստիկանությունը հնարավորություն կունենա մի շարք մարմիններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, հասանելիություն ունենալու դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային համակարգերի միջոցով վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:
Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը:
Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու եւ բացահայտելու համար:
Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչեւ երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները: Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:
Կարծիքներ