«Բալետից գեղեցիկ ոչինչ չկա». բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դարձավ 80 տարեկան
ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր նշում է ծննդյան 80-ամյակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ շնորհավորելու Վարպետին հոբելյանի առթիվ:
Նախարար Վ. Դումանյանը, շնորհավորելով և քաջառողջություն մաղթելով մեծանուն արվեստագետին, ընդգծել է. «Հայկական բալետային արվեստում անուրանալի են Ձեր դերն ու ազդեցությունը, նվիրումն ու վաստակը: Շնորհակալ ենք Ձեզ մշակութային բեղուն գործունեության և մեծ ավանդի համար»:
Ի նշանավորումն Վիլեն Գալստյան արտիստի 80-ամյա հոբելյանի՝ ցուցադրվել է նրա կենսագործունեությունն ամփոփող տեսաֆիլմ, որում, ինչպես Վարպետն է բնորոշում՝ «Բալետի մասին չի կարելի խոսել, այն պետք է նայել, վայելել, զգալ»:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս, շնորհավորելով Վիլեն Գալստյանին և արժևորելով նրա դերը հայ մշակութային կյանքում, նշել է. «Դուք լույս եք վառել հազարավոր սրտերում՝ մարդկանց տալով գեղեցիկի ընկալում, նրբացրել եք մարդկանց զգայարանները, որովհետև երաժշտությունից հետո ամենամաքուր արվեստը բալետն է: Պատահական չէ, որ աշխարհի առաջատար էսթետները միշտ ձգտել են աշխատել Ձեզ հետ, որովհետև Դուք Ձեր էությամբ ու կերպարով էսթետիզմի մարմնացումն եք, Ձեր ապրած կյանքով՝ գեղեցիկի հաստատումը: Առո՛ղջ եղեք և մեր կողքին»:
Ի պատասխան շնորհավորանքների՝ Վարպետն ընդգծել է՝ բալետից գեղեցիկ ոչինչ չկա:
Վիլեն Գալստյանը բեմում է արդեն 65 տարի: Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բալետի երիտասարդ արտիստը նույն թվականին բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև՝ 1961 թ.-ից՝ Երևանի թատրոնում: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել նաև Մոսկվայի «Բոլշոյ», Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր թատրոններում: Ավելին՝ նկարահանվել է շուրջ 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969 թ.), «Հայկական որմնանկարներ» (1972 թ.) և այլն: Ժամանակին եղել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում էլ ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, մինչ այդ՝ 1979 թ.-ից, 5 տարի եղել է Երևանի օպերային թատրոնի բալետմայստերը, իսկ դրանից առաջ նույն պաշտոնը վարել է նաև 1972-75 թթ. և 1977-79 թթ.: 2014 թ.-ից դարձյալ հրավիրվել է Օպերային թատրոն՝ իբրև գլխավոր բալետմայստեր:
Վիլեն Գալստյանի կերտած Սպարտակը՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակում», Ալբերտը՝ Ադանի «Ժիզելում», Արմենը՝ Խաչատրյանի «Գայանեում», Կոմիտասը՝ «Անտունիում», Դավիթը՝ «Սասունցի Դավիթում», Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետում», հայ բալետային արվեստի բացառիկ նմուշներից են: Սակայն «Գայանեի» մասին Վիլեն Գալստյանն առանձին սիրով է խոսում՝ նշելով, որ ինքն է ծնունդ տվել այդ ներկայացմանը:
Վիլեն Գալստյանի բալետային արվեստով օտարազգի հանդիսատեսը հիացել է Ռուսաստանում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում:
Կարծիքներ