Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր պատգամավորի դեմ՝ սուտ խոսելու համար
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ՝ սուտ խոսելու հետ կապված: Սիմոնյանն այս մասին հայտնեց ԱԺ ամբիոնից՝ Մանուկյանի ելույթից հետո:
Հայհոյանքն ապաքրեականացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծի քննարկման ժամանակ Արեգնազ Մանուկյանն ասաց. «Իրականում, եթե ինչ-որ բան պետք է քրեականացվի, ապա՝ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից սուտ խոսելը և խոստումը չկատարելը»:
Նա գործող իշխանությանը մեղադրեց մի շարք հարցերում ստելու մեջ՝ նշելով, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ չէր խոստացվել, որ օրինակ Սյունիքում ադրբեջանական ուժերը մաքսակետ են տեղադրելու և այլն: Ըստ նրա՝ սերը, հանդուրժողականությունը, զրո կոռուպցիան, տնտեսության թռիչքաձև աճի՝ 2018-ին տված խոստումն իշխանությունը չի կատարել: Մանուկյանն անդրադարձավ նաև մի քանի իշխանական պատգամավորների, այդ թվում Ալեն Սիմոնյանի հունական կղզում հանգստին:
Դրանից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արեգնազ Մանուկյանն ասում է՝ պետք է քրեականացնել սուտը՝ այն ֆոնին, որ քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ սուտ խոսելու հետ կապված: Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսվա ընթացքում տեքստի տարբեր տեղերում 3 նախադասություն դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ պարզապես չի ուզում շատ անձնական դաշտ մտնել:
ԱԺ նախագահը վստահ է, որ Մանուկյանը դատարանում պատասխան կտա, նա ներողություն կխնդրի:
Անդրադառնալով ընդդիմությունից իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ ատելության խոսք ասելու՝ Սիմոնյանն ասաց. «Երբ մենք ընդդիմություն էին, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների անունները չգիտեինք ու չէինք ասում, ինչո՞ւ մականունավոր պատգամավորներին մականունով հրապարակային չէինք դիմում»:
ԱԺ նախագահը նշեց նաև, որ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրում «Ֆեյսբուք»-ում, իսկ Ագնեսա Խամոյանը վիրավորանքներ է գրում, այդ թվում՝ Սիմոնյանի նկարների տակ: Նա ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանին նաև մեղադրեց քողարկված վիրավորանք հնչեցնելու մեջ՝ շեշտելով, որ դա պետք է դադարեցվի:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ի նիստում Արեգնազ Մանուկյանը նշել էր, թե իշխանափոխությունից հետո «լավացել են» Ալեն Սիմոնյանի շրջապատի, ընտանիքի գործերը, նրա եղբայրը «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, և դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է ասֆալտի տենդերներ շահել, պետբյուջեի հաշվին հարստանալ: Մանուկյանն Ալեն Սիմոնյանին մեղադրել էր նաև պետբյուջեի հաշվին շքեղ մեքենա ձեռք բերելու մեջ: ԱԺ նախագահն էլ արձագանքել էր, որ Մանուկյանը ստիպված կլինի իր ասածներն ապացուցել դատարանում:
Կարծիքներ