Նախագիծ. կստեղծվի Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ» ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որի աշխատանքները միտված են լինելու ՀՀ ամբողջ տարածքում մարդկային տաղանդի հայտնաբերմանն ու այդ տաղանդի դրսևորմանն աջակցելուն՝ ընդհուպ իր տաղանդի առավելագույն դրսևորմամբ հավելյալ արժեք ստեղծող, ինքնուրույն և մրցունակ անհատականությունների ու թիմերի կայացումը:
Հիմնադրամը պետք է իրականացնի իրավիճակի վերլուծություն, առանձնացնի թիրախային խմբերը, յուրաքանչյուր թիրախային խմբի համար մշակի տաղանդի հայտնաբերման գործուն մեխանիզմներ և աջակցության մեթոդաբանություն՝ առանցքում պահելով ինքնուրույն և մրցունակ անհատի կամ թիմերի ձևավորումը:
Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:
Համաձայն հիմնավորման՝ ՀՀ-ում տաղանդի զարգացումը ներկայում հիմնականում տեղի է ունենում սեփական նախաձեռնությամբ և հնարավորությունների սահմաններում: Բացի այդ՝ ներկայում չկան անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն վաղ տարիքից անհատի հակումներին և տաղանդի բացահայտմանը ու դրա դրսևորմանը և առաջխաղացմանը մասնագիտորեն աջակցելուն: Հատկապես գյուղական համայնքներում կամ սահմանամերձ բնակավայրերում տաղանդների դրսևորումը և զարգացումը կարող են ստորադասվել առօրյա գործունեությանը, և վաղ տարիքից ցածր արդյունարարությամբ աշխատանքի անցնելը էապես խոչնդոտում է որոշ դեպքերում անգամ բազային կրթություն ստանալուն:
Որոշ դեպքերում ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով՝ հնարավոր է, որ անհատի որոշակի առանձնահատուկ ունակություններն անտեսվեն և չստանան համապատասխան իրացում: Տաղանդների անտեսումը հնարավոր է նաև այն պայմաններում, երբ ոչ բոլոր բնակավայրերում են առկա տարբեր նախասիրությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայություններ, ինչպես, օրինակ, արվեստի կամ մարզական խմբակներ, որոնք հնարավորություն են տալիս նկատել երեխաների մոտ այս կամ այն տաղանդի դրսևորումը։
Ստեղծվող կառույցն ունենալու է գործունեության լայն դաշտ՝ առաջնային նպատակ ունենալով խրախուսել ստեղծագործ ներուժի բացահայտումը և զարգացումը:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024 թ. մայիսի 1-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7127 :
Կարծիքներ