Մակրոնը խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում իրականացնել 100 բարեփոխումների ծրագիրը
Ֆրանսիացի հարկատուներն առաջիկա շաբաթա վերջին փոստով հաղորդագրություն կստանան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։ 24 էջանոց տեքստը կներառի 100 առաջարկ, որոնք նա մտադիր է իրականացնել, եթե ապրիլին ընտրվի Ֆրանսիայի ղեկավար՝ երկրորդ ժամկետով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարող Մակրոնից չորս ժամ է պահանջվել Փարիզի հյուսիսում գտնվող Օբերվիլիե կոմունայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում իր օրակարգը ներկայացնելու համար: Երկրի ղեկավարը, նախընտրական քարոզարշավի իր ուշ մեկնարկը բացատրել է միջազգային գործերով զբաղվածությամբ և հանդիպմանը կենտրոնացել է տնտեսական ու սոցիալական քաղաքականության վրա։
Մակրոնն իր իսկ առաջարկների արժեքը գնահատում է 50 միլիարդ եվրո, տնտեսագետներն այս ծախսերին ավելացնում են ևս 15 միլիարդ եվրո: Նախագահի թեկնածուն խոստացել է երկիրը լիարժեք զբաղվածության հասցնել մինչև իր հավանական նոր հնգամյա ժամկետի ավարտը։
Մակրոնն իր ծրագրի առանցքային տարր է համարել գիտական հետազոտությունների ֆինանսավորումը։ Այդ նպատակների համար 10 տարվա ընթացքում նա նախատեսել է հատկացնել 25 միլիարդ եվրո: Նա նաև խոստացել է ամրապնդել համալսարանների ինքնավարությունը, ռազմավարական ոլորտներում ստեղծել հետազոտական կենտրոններ՝ «աշխարհից տաղանդավոր գիտնականներ ներգրավելու համար»։
Նախագահի թեկնածուն իր նախընտրական ծրագրի հիմնական կետերից է համարում նաև Ֆրանսիայի անկախության ապահովումը սննդի ոլորտում։
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով «Մերձավոր Արևելքը և Աֆրիկան առաջիկա 12-18 ամվա ընթացքում կկանգնեն պարենային ճգնաժամի առջև»։
Ֆրանսիան մտադիր է անկախ լինել նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Զինված ուժերի տարեկան ֆինանսավորումը մինչև 2025 թվականը նախատեսված է ավելացնել մինչև 50 միլիարդ եվրոյի։
Մակրոնը նաև հայտարարել է երկրում նոր ատոմակայաններ կառուցելու ծրագրերի մասին։ Առաջարկվում է կառուցել վեց նոր ատոմակայան և արագ ներկայացնել ևս ութի նախագծերը։
Կարծիքներ