Երևանում մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը
Երևանի «Միկա» մարզահամալիրում այսօր պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, երկրպագուներ:
Լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական ակնարկ է կատարվել Մեծ Հայքի թագավորության արքա Վարազդատ Արշակունուն, կռփամարտում (բռնցքամարտ) գրանցած նրա հաջողություններին, մասնավորապես Հին Հունաստանում 394 թվականին տեղի ունեցած անտիկ Օլիմպիական խաղերում նրա հաղթանակին, ապա անդրադարձ է կատարվել մարզաձևի պատմությանն, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու տեսարժան վայրերին:
Մարզիկների անունից երդման արարողությունն իրականացրել է պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարի գալուստ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն, որ վերջին երկու տարում Հայաստանում 6 մարզաձևերից անցկացված միջազգային մրցաշարերից 3-ը բռնցքամարտ մարզաձևից են, պատահական չէ, և բռնցքամարտն ամենասիրելիներից է Հայաստանում:
«Վարազդատ Արշակունի արքայի՝ անտիկ Օլիմպիական խաղերի չեմպիոնությունից հետո 1956 թվականին Մելբուռնում արդեն ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Հայ բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի շուրջ երկու տասնյակ չեմպիոններ: Այսօր Երևանը դարձել է աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ: Առաջիկա օրերի ընթացքում բոլոր մարզիկներին մաղթում եմ ազնիվ և հաղթական պայքար ռինգում, և հաճելի ու հետաքրքիր ժամանց մեր երկրի տեսարժան վայրերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Շնորհակալություն եմ հայտնում IBA-ին այս մեծ մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ առաջնության կազմակերպման հարցում մեր կողքին կանգնելու համար: Ամեն ինչ արել ենք, որ այս առաջնությունն ընթանա բարձր մակարդակով»:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Յանիս Ֆիլիպատոսը՝ նախևառաջ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ առաջնության անցկացման համար ներդրած ջանքերի համար. «Ինչպես միշտ, ողջույն Հայաստա՛ն: Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Հայաստանի կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերջին երկու տարում անցկացրել են Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների լավագույն առաջնությունը: Շնորհակալ եմ աջակցության համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Եկեք ռինգում պայքարենք իսկական սպարտացիների նման, բայց ռինգից դուրս հարգենք միմյանց, մրցակիցներին և պահենք ազնիվ խաղի կանոնները: Մենք ներկայացնում ենք ամենահին օլիմպիական մարզաձևը, և մեր ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է»:
Տեսաուղերձով մարզիկներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը առաջնության անցկացման և հսկայական ջանքերի համար:
60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:
Կարծիքներ