ԵՄ-ն նախատեսում է մեկ ամսվա ընթացքում վերաբացել Քաբուլում դիվանագիտական ներկայացուցչությունը
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը նախատեսում է մեկ ամսվա ընթացքում վերաբացել Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունը։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բրիտանական Financial Times թերթին:
Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի անվտանգության նկատառումներից ելնելով։ Հրատարակության տվյալներով՝ սեպտեմբերին Բրյուսելի պատվիրակությունն այցելել է Աֆղանստան՝ գնահատելու այս երկրում իրական իրավիճակը։ Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրամիությունը շահագրգռված է Քաբուլում իր դիվանագիտական առաքելության աշխատանքի վերսկսմամբ, քանի որ դա հնարավորություն կտա ավելի արդյունավետ կերպով մարդասիրական օգնություն ցուցաբերել և իրականացնել տարհանումներ։
Վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչպես ընդգծում է թերթը, ԵՄ -ն փորձել է բանակցել թալիբների շարժման ներկայացուցիչների հետ:
Եվրամիությունը օգոստոսին՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո, հայտարարեց, որ չեղարկում է այս երկրին տնտեսական օգնության բոլոր ծրագրերը առաջիկա յոթ տարիների համար՝ ավելի քան 1,5 միլիարդ եվրոյի չափով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոստացել է ԵՄ բյուջեից գտնել 1 միլիարդ եվրո՝ Աֆղանստանի բնակչության առավել խոցելի հատվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Կարծիքներ