Շատ կարևոր է, թե մենք ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, թե մենք ինչքանով կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր. Նիկոլ Փաշինյան

Եթե անդրադարձ կատարենք հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև հարաբերություններին դարերի ընթացքում, չէի ցանկանա ասել այս բաժանումը, բայց գուցե շատերի համար դավաճանված լինելու զգացողությունը, այս լարվածությունը որքանո՞վ է պատմական։

Վարչապետը Յարոսլավ Տրոֆիմովի հետ հարզացրույցում ասաց, եթե պատմական կոնտեքստն է ընդգծվում, ապա այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները:

«Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ:

Շատ կարևոր մի հանգամանք է և ես, անկեղծ ասած, այդ հարցի պատասխանը չունեմ և աշխատում եմ իմ չափով և իմ մասով այդ հարցի պատասխանը՝ Հայաստանի վերաբերելի կամ Հայաստանի անելիքի մասով, գտնել: Շատ կարևոր է, թե մենք ինչքանո՞վ կկարողանանք ձևակերպել տարածաշրջանային շահեր, որովհետև, երբ չունենք ձևակերպված տարածաշրջանային շահեր, ընդ որում, այս համատեքստում տարածաշրջանային շահեր ասածը կարող ենք հասկանալ մի քիչ ավելի նեղ և մի քիչ ավելի լայն՝ Հարավային Կովկասի և ավելի լայն համատեքստում, ինքնիշխան երկրների շահերի միջև սկսում են լարումներ առաջանալ, որոնք չկառավարելու դեպքում դառնում են սրացումներ, էսկալացիաներ, պատերազմներ»,- ասաց Փաշինյանը:

Բայց հենց այդ լարումները կառավարելու ճիշտ և գրագետ ձևը տարածաշրջանային շահերի մասին պատկերացումներ ունենալն է, որովհետև հնարավոր չէ այնպես անել, որ տարածաշրջանի բոլոր երկրները և ժողովուրդները լինեն նույնական՝ նույն մտածողությամբ, նույն պատկերացումներով, ընկալումներով և այդպես շարունակ, և պետք էլ չէ դա անել: Պետք չէ դա անել, որովհետև այն, ինչ դառնում է հակասությունների պատճառ, երբեմն կարող է փոխլրացման պատճառ դառնալ, այդ մշակույթները, պատմությունները, ավանդույթները կարող են մեկը մեկին լրացնել:

Բայց պետք է գտնել այդ բանաձևը, ինչպես դրանք ձևակերպել և դասավորել, որ դրանք ոչ թե բախվեն, այլ մեկը մեկին լրացնեն, մեկը մեկին ընդգծեն, ուժեղացնեն՝ գուցե:

«Այսինքն` մենք ոչ թե խնդիրը դրել ենք՝ չենք կարողանում լուծել, մենք նորմալ խնդիրն էլ չենք դրել, այսինքն` դեռ վերնագիրը չունենք: Հիմա կարծում եմ, որ մենք այդ վերնագիրը պետք է ունենանք և փորձենք այդ վերնագրի ներքո ստեղծել բովանդակություն:

Ինչպիսի՞ն կլինի և պետք է լինի այդ բովանդակությունը, ես չեմ կարող ասել, որովհետև դա կարող է լինել միայն համագործակցության և ինչ-որ տեղ՝ համատեղ աշխատանքի արդյունք:

Ես չեմ կարող պարծենալ, որ մենք տարածաշրջանում այդ աշխատանքը բավարար չափով անում ենք, բայց կարծում եմ, որ եթե մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արդեն հայտնի են և որոնց մասին ասացի, նման բան ունենալու հնարավորությունները կմեծանան»,- ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում