Վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ Երևանում․ կասկածյալների մեջ են քրեական հեղինակություններ ու նրանց ազգականներ
Հուլիսի 17-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության հարևանությամբ գտնվող ռեստորաններից մեկում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Իրավապահները պարզել են, որ Զաքարիա Սարկավագի և Քանաքեռ 13 փողոցների խաչմերուկում է տեղի ունեցել այն: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոտրված ապակիներ, փայտե մահակներ։
Դեպքի փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Աղբյուրի տեղեկություննեով՝ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները արդեն պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, որոնց մեջ են նաև քրեական հեղինակությունների հարազատներ:
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Կարծիքներ