Արցախի ներգրավումը ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է․ Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը և Արցախը որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի է, շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց մեզ օգտագործելու որպես հարմար թշնամի: Այս մասին «Շանթ» ՀԸ հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Արցախի մասնակցությունը, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ. մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանությունները իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով ՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Եվ իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում», ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Կարծիքներ