Սերգեյ Սմբատյանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Դուբայում անցկացվող InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 4-ին ելույթ է ունեցել Ռուսաստանի ազգային նվագախմբի և ամերիկացի դաշնակահար Կիտ Արմսթրոնգի հետ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգային ծրագրում հնչել են Յոզեֆ Հայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններից։ Կատարումները մեծ ընդունելության են արժանացել ունկնդիրների կողմից։
Սերգեյ Սմբատայանը InClassica փառատոնի շրջանակում կղեկավարի 10 համերգ։ Սեպտեմբերի 5-ին նրա ղեկավարությամբ բեմ կբարձրանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Սեպտեմբերի 6-ին եւ 8-ին մաեստրո Սմբատյանը կղեկավարի Սլովակիայի նվագախումբը, սեպտեմբերի 12-ին եւ 13-ին նրա գլխավորությամբ ելույթ կունենա Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, սեպտեմբերի 15-ին եւ 16-ին՝ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սեպտեմբերի 23-ին եւ 24-ին՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Դիրիժոր Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենան համաշխարհային մեծ համբավ վայելող երաժիշտներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Հոփը, Մաքսիմ Վենգերովը, օպերային երգիչ, տենոր Յոզեֆ Կալեյան, դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Ալեքսանդր Կնյազեւը, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։
Հիշեցնենք, որ InClassica 10-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ Նշենք, որ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել նաեւ փառատոնի շրջանակում անցկացվող Classic Piano միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերի մասնակիցները։
Կարծիքներ