Մնացականյանը և Պոմպեոն վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման անհրաժեշտությունը
Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմեոն հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկման առանցքում է եղել Արցախում՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ԱՄՆ պետքարտուղարին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈւ կողմից մարտական գործողությունների ընթացքում իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին, որոնք դրսևորվում են Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքով, գլխատումներով և սպանությամբ:
«Պետքարտուղար Պոմպեոն ամերիկյան կողմի ցավակցությունը հայտնեց զոհերի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց նաև, որ ադրբեջանական կողմի այս ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, որն արտահայտվում է անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի և միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:
Նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը և Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը ևս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը:
Երկուստեք վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ