Վաշինգտոնը ձգձգում է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը․ թեմային անդրադարձել է կոնգրեսական Փալոնը
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շարունակում է դեմ արտահայտվել Վաշինգտոնի կողմից Բաքվին ռազմական աջակցության տրամադրմանը՝ հաշվի առնելով Արցախի հայության դեմ Ադրբեջանի ոտնձգությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փալոնը գրել է X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
«Ես երկար ժամանակ դեմ եմ եղել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմանը, հատկապես հիմա, երբ Ալիևը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և բազմաթիվ ոտնձգություններ կատարել Արցախ հայերի իրավունքների դեմ: Մենք պետք է պահպանենք մեր արժեքները և ավելի կոշտ լինենք, եթե հույս ունենք խաղաղություն ապահովել Կովկասում», - գրել է կոնգրեսականը։
Իր գրառմանը Ֆրենկ Փալոնը կցել է POLITICO պարբերականի կողմից օրերս հրապարակված հոդվածը, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնհայտորեն չի շտապում վերսկսել Ադրբեջանին ռազմական օգնություն մատակարարելու ծրագիրը։ Դրա պատճառ է նշվում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման սպառնալիքը։
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։
Ըստ POLITICO-ի Սպիտակ տունը նախկինում 907-րդ բանաձևից հրաժարվում էր մինչև ամառ, սակայն այս տարի դա դեռ տեղի չի ունեցել։
Կարծիքներ