Լսելով պատերազմի գույժը՝ աշխատանքը փոխարինեց զենքով. զոհվել է ՊԵԿ մաքսային ծառայող Վաչագան Սարգսյանը

Լսելով պատերազմի գույժը՝ աշխատանքը փոխարինեց զենքով. զոհվել է ՊԵԿ մաքսային ծառայող Վաչագան Սարգսյանը

Պետական եկամուտների կոմիտեն խորը ցավով հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության աշխատակից, մաքսային ծառայող Վաչագան Արամի Սարգսյանը։

Վաչագանը ծնունդով Շիրակի մարզի Թորոսգյուղից էր:

«Վաչագան Սարգսյանն առաջիններից էր, որ լսելով պատերազմի գույժը՝ աշխատանքը փոխարինեց զենքով և անմիջապես կամավոր մեկնեց առաջնագիծ:  Նա կռվեց ռազմաճակատի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում (Ջաբրայիլում):

Հարազատները, ընկերները մոտ 5 ամիս հույսով սպասում էին Վաչագանի վերադարձին, բայց, ցավոք, եղավ կորստյան բոթը։ Վաչագան Սարգսյանը զոհվել է հանուն հայրենիքի. նա այն նվիրյալներից էր, որ Հայրենիքը գերադասեց ամենքից ու ամեն ինչից։ Վաչագան Սարգսյանն ընդամենը 30 տարեկան էր. չէր հասցրել անգամ ընտանիք կազմել:

ՊԵԿ-ի աշխատակազմը ցավակցում է Վաչագան Սարգսյանի ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք մեր հերոսացած գործընկերոջը: Հավերժ փառք մեր նահատակված  բոլոր մարտիկներին:

Վաչագան Սարգսյանի հոգեհանգիստը կլինի փետրվարի 20-ին, ժամը՝ 18.00-ից, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, ժամը՝ 13.00-ին,  Թորոսգյուղում»,-ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում