«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 

Արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում:

Գյումրու ավագանու որոշմամբ` ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք, շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևորում է բնակարանաշինական այս ծրագրի իրականացումը, որը ևս մեկ քայլ է երկրաշարժի հետքերից իսպառ ձերբազատվելու համար: «Բարեգործական տարբեր ծրագրեր կան քաղաքում, բայց մեր ուղղվածությունն այն է, որ կարողանանք տնակների մեջ եղած մարդկանց տեղավորել հատուկ բնակարաններում: «Հայաստան» հիմնադրամի կողմից շատ հետաքրքիր նախագիծ ներկայացվեց, որը և մենք հաստատեցինք: Ներկայում էլ շինարարական աշխատանքները հաջողությամբ ընթանում են»,-տեղեկացրեց Սամվել Բալասանյանը:

Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

«Մենք ունենք հսկայական շահառուների ցանկ, ովքեր տարիների ընթացքում դիմել են Հիմնադրամին: Հընթացս` այս մեկուկես տարվա ընթացքում, մենք մանրակրկիտ ու զգույշ աշխատանք կկատարենք, որպեսզի լիովին ուսումնասիրենք շահառուների ցանկն ու բնակարաններ տրամադրենք ամենակարիքավորներին»,-նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։

Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արվեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար`նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն:

Ակնկալվում է շենքերը շահագործման հանձնել 2022 թվականի կեսերին: Հայկակ Արշամյանի խոսքով` «Մեր Գյումրի» ծրագրի մեկնարկը նախատեսված էր տալ անցած տարվա սեպտեմբերին, բայց պատերազմի պատճառով հետաձգվեց թե՛ տենդերը, թե՛ շինարարությունը: «Հուսանք՝ ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի, և արդյունքը շատ սպասեցնել չի տա»,-հավելեց Հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նախատեսվում է բնակարանաշինական այս ծրագիրը դարձնել շարունակական`աստիճանաբար ազատվելով տնակներից:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2012-2019 թթ. 45 բնակարան է հանձնել երկրաշարժի հետևանքով իրենց տունը կորցրած ընտանիքներին:

***

1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում ամենախոշոր ոչ-առևտրային կազմակերպությունն  է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի ու Արցախի կայուն, համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1300 ծրագիր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, արվեստի և սպորտի բնագավառներում, ենթակառուցվածքների, բնակարանաշինության և համայնքների զարգացման շրջանակներում՝ բարելավելով հազարավոր շահառուների կյանքի որակը: Հիմնադրամի աշխատանքներն իրականացվում են 19 երկրներում գործող 21 տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ակտիվ մասնակցության և աջակցության  միջոցով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում