Ամփոփվել է «UPSHIFT Սպիտակ» ծրագիրը

Ամփոփվել է «UPSHIFT Սպիտակ» ծրագիրը

Նոյեմբերի 5-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Միջոցառման մեկնարկը տրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, Լոռիի փոխմարզպետ Գոռ Ասրյանի, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության (համագործակցության) պատասխանատու Բրունո Մոնտարիոլի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանի խոսքերով:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ուրախությամբ նշել է, որ պատրաստվում է ծանոթանալու երիտասարդների կողմից իրականացվող համայնքային ծրագրերին, որոնք կյանքի են կոչվել Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» կազմակերպության կողմից իրականացվող «UPSHIFT Սպիտակ» ծրագրի շրջանակում:

«Ծրագիրը լիարժեքորեն համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը՝ հիմնված այն գիտակցման վրա, որ երիտասարդությունը պարզապես տարիքային խումբ չէ, այն հասարակության այնպիսի հանրույթ է, որում կենտրոնացված է երկրի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման հիմնական ներուժը: Այստեղ էական է տեղական երիտասարդական խմբերի կողմից սեփական համայնքի խնդիրները լուծելուն ուղղված նախաձեռնողականության խթանումը, ինչին և ուղղված է ծրագիրը: Ջանքերն ու նախաձեռնությունները համատեղելով՝ համառությամբ և նպատակասլացությամբ կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրներն ու ուղի հարթել դեպի ավելի լավ ապագա, զարգացած հասարակություն և համայնքներ»,- ընդգծել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում 6-ամսյա ծրագիրը կունենա երկարաժամկետ ազդեցություն Սպիտակում և հարակից համայնքներում:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը և ծրագրի մյուս գործընկերներին:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել հաղթող ծրագրային գաղափարները ներկայացնող տեսանյութերի ցուցադրություն, որից հետո մասնակիցները մանրամասն պատմել են համայնքային նախագծերի իրականացման մասին:

Տեղեկացնենք, որ «UPSHIFT Սպիտակ» ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցները սովորել են խնդիրների լուծման և քննադատական մտածողության, հաղորդակցության, կազմակերպչական գործընթացների կառավարման և արդի այլ
հմտություններ:

 «UPSHIFT ՍՊԻՏԱԿ» ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, Եվրոպական միության աջակցությամբ և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ
համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում