Գերմանիայում մարդիկ հեռացվել են աշխատանքից՝ COVID–ի դեմ պատվաստումներից հրաժարվելու համար
Գերմանիայում մի շարք աշխատողներ հեռացվել են աշխատանքից, քանի որ նրանք չեն ցանկացել պատվաստվել կորոնավիրուսի դեմ, գրում է Bild թերթը:
Բուժքույրական կենտրոնի ղեկավար Ռենե Ուիլմերը կնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և հորդորել է իր աշխատակիցներին հետևել իր օրինակին:
Նրանցից երեքը հրաժարվել են պատվաստվել, իսկ չորսը չեն կողմնորոշվել: Ուիլմերը խոսել է նրանց հետ և բաժանել պատվաստումների վերաբերյալ նյութեր: Արդյունքում նա երկու օր ժամկետ է սահմանել. այդ ընթացքում աշխատակիցները պետք է որոշեին: Ժամկետը լրանալուց հետո նրանք դրական պատասխան չեն տվել, և վերջիններիս աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Ուիլմերը բացատրել է, որ աշխատողները հարգանք չեն ցուցաբերում, չեն լսում իրեն, և ինչ-որ մեկը նույնիսկ ուղղակիորեն հրաժարվում է պատվաստանյութն ընդունելուց:
յնուամենայնիվ, նախկին աշխատակիցներից մեկը բացատրել է, որ պետը սպառնացել է աշխատանքից հեռացնել, եթե չպատվաստվեն:
«Ես դեմ չեմ պատվաստումներին: Ես ուզում էի մի քանի օր էլ մտածել: Վիրավորական է, որ ինչ-որ մեկն ինձ համար վերջնաժամկետ սահմանի այդպիսի անձնական հարցի վերաբերյալ», – նշել է նա:
Պարբերականը հայտնել է նաև, որ կինը մտադիր է դատի տալ իր նախկին ղեկավարին: Այնուամենայնիվ, կրճատված յոթ աշխատողներից շատերն արդեն ունեն նոր աշխատանք:
Ուիլմերն այժմ փնտրում է նոր բուժքույրերի և ցանկանում է, որ իր անձնակազմը պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Նա դա բացատրել է նրանով, որ ամեն ինչ անում է հիվանդներին պաշտպանելու համար:
Bild- ը նաև նշել է, որ տղամարդը պատվաստումների հակառակորդների կողմից սպառնալիքներ է ստանում, այդ թվում՝ սպանության:
Կարծիքներ