ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւ է մտցվել Կապիտոլիումի գրոհը հետաքննող հատուկ կոմիտե ստեղծելու մասին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիա նահանգից) երկուշաբթի ներկայացրել է բանաձեւ հունվարի 6-ին Կապիտոլիում ներխուժելու հանգամանքները քննող հատուկ կոմիտե ձեւավորելու մասին։ Փաստաթղթի նախագիծը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն Փելոսիի առաջարկի, որը ԱՄՆ պետական աստիճանակարգում զբաղեցնում է նշանակությամբ երրորդ տեղը, հատուկ կոմիտե պետք է մտնի 13 մարդ։ Նրանցից ութին, ներառյալ նախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակը մտադիր է անձամբ նշանակել։ Մյուս թեկնածությունները ենթադրվում է համաձայնեցնել Կոնգրեսում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քեւին Մակքարթիի հետ։
Կոմիտեի գլխավոր խնդիրն է լինելու «ԱՄՆ Կապիտոլիումի համալիրի հանդեպ ներքին ահաբեկչության ակտի հանգամանքների եւ պատճառների հետաքննության անցկացումը եւ փաստերի մասին տեղեկացումը, որոնք վերաբերում են երկրում իշխանությունը խաղաղ հանձնելու գործընթացին խանգարելուն»։ Այս մարմնի անդամները նաեւ պետք է վերլուծեն ամերիկյան գերատեսչությունների աշխատանքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Հատուկ կոմիտեի անդամների խնդիրն է լինելու նաեւ «թշնամական օտարերկրյա գործողությունների վերհանումը», որոնք, իբր, կարող էին դառնալ Կապիտոլիում ներխուժման պատճառներից մեկը։
Փաստաթղթի նախագծի համաձայն՝ նշված հատուկ կոմիտեն կարող է դատական ծանուցումներ ուղարկել՝ ստանալու համար իրեն հետաքրքրող տեղեկատվությունը։ Նշված մարմնի աշխատանքի որեւէ ժամանակային սահմանափակում չի նախատեսվում։
Հանրապետական սենատորները մայիսին արգելափակել էին Կապիտոլիում ներխուժման հանգամանքների հետաքննության երկկուսակցական անկախ հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը։ Նախագծի օգտին տրվել էր 54 ձայն, դեմ՝ 35։ Սակայն ընթացակարգային քվեարկության անցկացման համար պահանջվում էր առնվազն 60 սենատորի ձայն։ Այս մարմնի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունը Կոնգրեսի ստորին պալատը հավանության արժանացրեց մայիսի 19-ին։ Սակայն վերին պալատում օրինագծի անցկացման համար պահանջվում էր ոչ միայն բոլոր դեմոկրատների, այլեւ առնվազն 10 հանրապետականի աջակցությունը, որոնք հիմնականում խիստ քննադատում էին այս առաջարկը։
Կարծիքներ