Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոց է հնչել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 02:30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու և Աբովյանի բժիշկների կողմից տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 19-ամյա Արմեն Պողոսյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել Աբովյան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «բենզինների կալցավոյից» դեպի «Ֆեմիլի Ֆուդ» հացատան հարևանությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել շնորհիվ Աբովյանի հիվանդանոցի բժիշկների, ովքեր մեկ այլ կանչով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ նկատել են քաղաքացուն գետնին ընկած, մոտեցել ու շտապ առաջին օգնությունն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ ՀՀ քր օրի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժիը պարզել են, թե հանցագործություն կատարողը կամ կատարողները ինչ մակնիշի ավտոմեքենայով են դեպքի վայրից դիմել փախուստի:
Կարծիքներ