Եվրոպան պետք է հումանիտար միջանցքներ ստեղծի Աֆղանստանից փախստականների համար. ԵՀ
Եվրոպայի երկրները պետք է ստեղծեն հումանիտար միջանցքներ Աֆղանստանից փախստականների կազմակերպված ընդունման համար: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել է Էկոնոմիկայի հարցերով եվրակոմիսար Պաոլո Ջենտիլոնին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կարծում եմ, որ Եվրոպան անխուսափելիորեն ստիպված կլինի ստեղծելու հումանիտար միջանցքներ և վարելու (փախստականների) կազմակերպված ընդունում՝ անօրինական միգրանտների չվերահսկվող հոսքերից խուսափելու համար»,- ասել է նա:
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին տեսախորհրդաժողովի ձևաչափով կանցկացնեն արտակարգ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը: Եվրամիությունը ներկայումս մտահոգված է Քաբուլից իր դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաև քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերը, որոնք աշխատել են Եվրոպայի ներկայացուցչություններում:
«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից:
Կարծիքներ