Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախյան պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի անունով

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախյան պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի անունով

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցն անվանակոչվել է Արցախյան պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի անունով: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 
 

«Վահեն, ով դպրոցի շրջանավարտներից է, «Ոսկե մեդալով» է ավարտել դպրոցը, գերազանցության դիպլոմով՝ ԵՊԲՀ-ի դեղագիտության ֆակուլտետը, կրկին գերազանցության դիպլոմով՝ նույն ֆակուտետի արդինատուրան: Բժշկական ծառայության լեյտենանտը 2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է առաջնագծում: Ոչ միայն բժշկի իր պարտականություններն է գերազանց կատարել, այլև մարտեր է վարել, օգնել ու ոգևորել զինակից ընկերներին: Վահե Մելիքսեթյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին՝ Մեխակավանի պաշտպանության ընթացքում: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
 

Դպրոցի անվանակոչության առթիվ կազմակերպված հիշատակի միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցի շրջանավարտ հանդիսացող, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների ծնողներն ու հարազատները, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտներ:

Հանդես գալով ողջույնի և ոգեկոչման խոսքով՝ մարզպետը նախ իր խոնարհումն է հայտնել հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար ընկած տղաների հարազատներին. թիվ 28 դպրոցի սաներ Վահե Մելիքսեթյանը, Արմեն Մատինյանը, Էրիկ Գյոկչակյանը, Գևորգ Եղշատյանը, Արծրուն Աղաբաբյանը, Մհեր Ղուկասյանը, Էրիկ Ավագյանը իրենց կյանքն են զոհաբերել հանուն այս մի բուռ հողի:

 

Ուսուցիչները շեշտել են՝ այսուհետ ավելի մեծ նվիրումով, պատվով ու հպարտության զգացումով են եկող սերունդներին կրթելու՝ արդեն Վահե՛ Մելիքսեթյանի անունը կրող դպրոցում, իսկ հերոսի մայրը, ով նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհիներից է, միայն մեկ ցանկություն ուներ՝ պատերազմներ այլևս երբե՛ք չլինեն:
 

Միջոցառման ավարտին զոհված զինծառայողների հիշատակին նվիրված խորհրդանշական ծառ է տնկվել դպրոցի բակում»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում