Վրաստանում ընդդիմադիր կուսակցապետը կարող է բանտարկվել COVID-ի պայմաններում բար բացելու պատճառով
«Գիրչի – ավելի շատ ազատություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն կարող է բանտ նստել «У Джапара» բարը բացելու և երկրում սահմանված կովիդ սահմանափակումների ռեժիմին չենթարկվելու համար:
Փետրվարի 13-ին բարը բացելուց շատ չանցած՝ այնտեղ էին եկել աշխատանքի տեսչության աշխատակիցները և փակել բարը։ Ապօրինի գործունեության համար Ջափարիձեին տուգանել էին 2 հազար լարիով (ավելի քան 605 ամերիկյան դոլար): Կիրակի նա կրկին բացել է բարը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Մեկուսացման կամ կարանտինի կանոնների խախտում» հոդվածով, որը նախատեսում է պատիժ տնային կալանքի տեսքով՝ 6 ամսից 2 տարի ժամկետով, կամ 2 տարվա ազատազրկմամբ։
Ջափարիձեն շարունակում է հայտարարել, որ չի պատրաստվում վճարել տուգանքը: Նրան պաշտպանում է պատգամավորի մանդատը, որի հնարավորություններից էլ օգտվում է: Գործով օպերատիվ և քննչական գործողությունները շարունակվում են։
Կառավարության որոշմամբ ՝ այս փուլում Վրաստանում բարերի աշխատանքն արգելվում է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բացի այդ, Վրաստանում ժամը 21։00-ից մինչև 05։00-ն տեղաշարժն արգելված է:
Կարծիքներ