Խորհրդարանում քննարկվել է թանգարանների ոլորտը համակարգող օրենսդրական փաթեթը
Ազգային ժողովի հունվարի 15-ի լիագումար նիստում քննարկվել է «Թանգարանների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը և այլն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է թանգարանային գործում առաջատար երկրների՝ Կանադայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը:
Նշվել է, որ օրենքով կհստակեցվեն պետական գերատեսչության լիազորությունները, ՀՀ ազգային թանգարանային հավաքածուի կազմը, դրանում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանությունը, ժամանակավոր արտահանումը և այլն:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են թանգարանների ֆինանսավորմանը, դասակարգման չափորոշիչներին, ոլորտում վերահսկողության իրականացմանը, աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը, թանգարանային նմուշների պահպանությանը և այլն:
Ըստ Ալֆրեդ Քոչարյանի՝ մասնավոր թանգարանների համար պետական ֆինանսավորման ծրագիր դեռևս նախատեսված չէ:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով՝ նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավել նախագիծը՝ առաջինից երկրորդ ընթերցում` կազմակերպելով աշխատանքային քննարկումներ:
Կարծիքներ