Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի. ՇՄ նախարարն Իրանում է

Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի. ՇՄ նախարարն Իրանում է

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը:

Հանդիպմանը տարածաշրջանի երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում ընդհանուր մարտահրավերները և գլոբալ աղետների արդյունավետ հաղթահարման շուրջ ջանքերի միավորման հնարավորությունները։

Հանդիպմանը նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթի սկզբում նախարարն անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին՝ մատնանշելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը և կարևորել ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու զարգացումը։

«Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Կառավարության, որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ, որում իր հատուկ տեղն ունի համագործակցությունն ինչպես բարեկամ և հարևան պետությունների, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք տասնյակ տարիներ իրենց արդյունավետ առաքելությունն են իրականացնում տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ ՀՀ Կառավարությունը մշակել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների կայուն կառավարումը, զարգացումն ու պահպանությունը։

Կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխությանը դիմագրավելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ»,-իր ելույթում նշել է նախարարը և փաստել, որ չնայած COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնացել գլոբալ բնապահպանական համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների արդյունավետ իրականացմանը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ոլորտի խնդիրներին և խոսել դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից։

Ելույթի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության և անձամբ իր պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում