Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել. ԿԲ նախագահն անդրադարձել է սպառողների վարքագծին
Համավարակի հետ կապված արգելափակումների բացակայության պարագայում նույնպես սպառողների շրջանում տեղի է ունենում վարքագծի փոփոխություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
«Մարդիկ նախընտրում են ոչ թե սպառել, այլ խնայել, որովհետև կա անորոշություն: Դա ոչ միայն հայկական ֆենոմեն է, այն նկատվում է այլ երկրներում ևս: Այսինքն՝ որոշակի խնայողություններ են կուտակվում, որովհետև կա անորոշություն, ոչ ոք չգիտի այս կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երբ է ավարտվելու, ինչ ելք ենք ունենալու»,-ասաց ԿԲ նախագահը:
Մարտին Գալստյանը նկատեց, որ կորոնավիրուսը բացասական առումով մեծ ազդեցություն է ունեցել աղքատ և խոցելի խմբերի վրա: Այն խմբերը որոնք ունակ են դիմագրավելու շուկայական արհավիրքին, շարունակում են խնայել, նաև ներդրումներ իրականացնել ֆինանսական շուկայում: Դրան զուգահեռ կան մարդիկ, որոնց վրա ազդեցությունը մեծ է:
«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք չեն կարողանում հեռավար աշխատել, զրկվում են աշխատանքից, նվազեցվում են նրանց աշխատավարձերը: Այդ տեսանկյունից եթե նայենք, ապա, այո հնարավոր է երկարաժամկետ ապրանքների սպառումը ևս նվազած լինի»,-հավելեց ԿԲ նախագահը
Կարծիքներ