Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում Սիսիան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արթուր Սարգսյանը, 2016 թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավար Ա.Սարգսյանի նախաձեռնությամբ, 2016 թ. դեկտեմբերին, Սիսիանի համայնքապետարանի միջոցներից շուրջ 10.000.000 ՀՀ դրամի չափով համայնքի կարիքների համար գնում կատարելու նպատակով, կազմակերպվել է Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացումը:

Քննության տվյալներով՝ մինչև գնման ընթացակարգեր նախաձեռնելը, համայնքի ղեկավարի և նրա եղբոր նախնական համաձայնությամբ արդեն իսկ կանխորոշված է եղել, որ աշխատանքներն իրականացվելու են վերջինիս պատկանող ՍՊ ընկերության կողմից: Ավելին՝ վերջինիս տնօրենը, մինչ մրցույթ հայտարարելը, անձամբ ուսումնասիրել և ծանոթացել է հայտարարվող մրցույթի նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:

Այնուհետև, ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով, համայնքի ղեկավարի՝ 2016թ. որոշմամբ ստեղծվել է մրցույթի գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքապետարանի աշխատակիցները, գնահատող հանձնաժողովի կողմից գնման հրավերը հրապարակվել է էլեկտրոնային գնումների համակարգի՝ «armeps.am» կայքում, սակայն Ա.Սարգսյանի եղբորը պատկանող ընկերության կողմից մուտք գործելու հետ կապված խոչընդոտներ առաջանալու պատճառով վերջինիս նախաձեռնությամբ և նրա փոխարեն գնմանը մասնակցության հայտ է ներկայացրել Սարգսյանների ընտանիքի կնքահորը  պատկանող ՍՊԸ-ն՝ ներկայացրած հայտին կից գնի առաջարկի համաձայն՝ առաջարկելով 10.230.000 ՀՀ դրամ:

Հրավերով նախատեսված հայտերի բացման օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին, մասնակցության հայտ է ներկայացրել նաև մեկ այլ ՍՊ ընկերություն՝ առաջարկելով ավելի ցածր գին՝ 6.598.950 ՀՀ դրամ:

Գիտակցելով ավելի նվազ գնային առաջարկ ներկայացնելու ու դրանով պայմանավորված՝ մրցույթին այդ ընկերության կողմից հաղթող ճանաչվելու անխուսափելիությունը՝ Ա.Սարգսյանը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանձնարարել է գնահատող հանձնաժողովի քարտուղարին ստեղծել նշված ընկերության հայտը մերժելու արհեստական հիմքեր:

Գնահատող հանձնաժողովի անդամներն ու քարտուղարը, համայնքի ղեկավարին չհակադրվելու, վերջինիս հանձնարարությունն անվերապահ կատարելու խմբային շահերից ելնելով, տվյալ ժամանակահատվածում գործողության մեջ գտնվող «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով, ավելի քիչ գնային առաջարկ ներկայացրած ՍՊ ընկերության հայտը բավարար գնահատելու մրցույթի հաղթող ճանաչելու փոխարեն, անհիմն մերժել են ներկայացված հայտը և տուժանքի համաձայնագրի վճարման պահանջագրի լրացման կարգը գնահատել անբավարար՝ արձանագրելով, որ բացակայում է շահառուի անվանումը, պատճառաբանելով, թե համապատասխան տեղերում չեն արվել անհրաժեշտ նշումները: Մինչդեռ, համաձայն հենց համայնքապետարանի կողմից հրապարակված մրցույթի հրավերի, ներկայացվող վճարման պահանջագրերի համապատասխան նշված տեղերը ենթակա են եղել լրացման հենց մրցույթային հանձնաժողովի կողմից:

Այսինքն՝ մրցութային հանձնաժողովը, իր պարտականությունը վերագրելով որպես ՍՊ ընկերության բացթողում, առանց օրինական հիմքի, մերժել է առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը՝ դիտավորությամբ անտեսելով համայնքի ղեկավարի ընտանիքի կնքահորը պատկանող ՍՊ ընկերության կողմից ներկայացրած վճարման պահանջագրում բացթողման հանգամանքը:

Արդյունքում՝ մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, որի հետ 2016թ. դեկտեմբերի 27-ին կնքվել է վերը նշված աշխատանքների կատարման գնման պայմանագիրը, իսկ վերջինս էլ նույն օրն իր հերթին ենթակապալի պայմանագիր է կնքել համայնքի ղեկավարի եղբորը պատկանող ՍՊ ընկերության հետ:

Դրանից ընդամենը երկու օր անց՝ 29.12.2016թ., համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձի կողմից, խմբային շահերից ելնելով, կազմվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, կապալի աշխատանքների կատարման ժամանակահատվածի վերաբերյալ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն՝ պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտ, որից հետո համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն անձնական և շահադիտական այլ դրդումներով, կազմել և իր ստորագրությամբ ու կնիքով վավերացրել է իրականությանը չհամապատասխանող և բովանդակային կեղծ տեղեկություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ՝ Սիսիան համայնքի «է.Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի կարիքների համար ջեռուցման համակարգի տեղակայման աշխատանքների կատարողական ակտ, մինչդեռ աշխատանքներն իրականում կատարվել են 2017թ. հունվարին: 

Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս, համայնքապետի կողմից կազմված պաշտոնական բնույթ կրող կեղծ փաստաթղթի հիման վրա համայնքապետարանի բյուջեից կապալառու կազմակերպությանն անհիմն հատկացվել է 10.230.000 դրամ գումար՝ Սիսիան համայնքին պատճառելով 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու համար

Հետևեք մեզ նաև Տելեգրամում