Ադրբեջանը դիմադրում է՝ օգտվելով նաև Կրեմլի աջակցությունից. Արամ Սարգսյան
Անտրամաբանական կլիներ, եթե բանակցային հարթակ ներկայացնող և կազմակերպող կողմը, տվյալ դեպքում ԱՄՆ դեսպանը, լրագրողի հարցին՝ հնարավոր համարու՞մ եք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, պատասխաներ. «Ոչ, դա բացարձակ անհնարին է»։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ շարունակելով.
«Բանակցությունները ունեն երկու կողմ, միջնորդը չի կարող որևէ կողմից առաջարկվող մոտեցումը կատեգորիկ մերժել։ Սա գաղտնիք չէ ոչ միայն բանակցային գործընթացով զբաղվողների, այլև չինացի էլեկտրիկների և Արկտիկայի պինգվինների համար։
ԼՂ կարգավիճակը բանակցության թեմա է եղել արցախյան շարժման առաջին օրից ու բանակցային թեմա է նաև հիմա, ինչքան էլ Ադրբեջանը փորձի հակադրվել ու խնդիրը պահել ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությամբ կնքված պայմանավորվածության դաշտում, միևնույն է՝ քաղաքակիրթ աշխարհը պարտադրելու է Ադրբեջանին բանակցել Արցախի ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ և ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ խնդրով։
Աշխարհասփյուռ հայությունն էլ իր խնդիրը պետք է համարի Արցախի հարցը պահել ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, ՄԱԿ հարթակներում և ուշադրության կենտրոնում։ «ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար»՝ սա ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունն է, իր պատասխանը երրորդ երկրին դուր գալու նպատակով նենգափոխողներին։
ՌԴ հույսով ազատագրված տարածքները և Արցախը հայկական պահողները, եթե Լավրովի պլանի, 44-օրյա պատերազմի, Պուտինի` Արցախը Ադրբեջանի մաս լինելու հայտարարությունից հետո հետևություն չարեցին, կամ ունակ չեն, կամ շահեկան չէ։
ԱՄՆ դեսպանը հստակ ասել է, որ Արցախի կարգավիճակի որոշողը ԱՄՆ-ը չէ, կարգավիճակը Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների արդյունքով է որոշվելու, որն էլ թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան տեսնում են միջազգային ձևաչափով և կանոններով։ Այո, Ադրբեջանը դիմադրում է, օգտվելով նաև Կրեմլի ու անգամ զախարովաների աջակցությունից, բայց Ադրբեջանը դիմադրում է նաև ԱՄՆ-ին, ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի միջազգային դատարանին, ու այդ դիմադրությունը երկար չի տևելու։ Մեզ ճիշտ դիրքավորվել է պետք և իրավիճակը ինչքան ծանր է Արցախի համար հիմա, այնքան բարեհաջող կարող է լինել։
Աստված օրհնի Հայաստանը, Արցախը և աշխարհասփյուռ հայությանը»։
Կարծիքներ