Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Գյումրին ու Վանաձորն առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով․ Քաղաքները կունենան հինգական էլեկտրական ավտոբուսներ։ Այս մասին նշվեց «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի ավարտի մամուլի ասուլիս ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասուլիսին ներկայացվեցին 2021-24թթ․ ծրագրի շրջանակում իրականացված գործողություններն ու ձեռքբերումները։ 

Ծրագրի շնորհիվ  Վանաձորի և Գյումրու համայնքապետարաններն արդեն ունեն քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստում են կայուն և նորարարական քաղաքաշինությանը, թափոնների վերամշակմանը և «կանաչ» հասարակական տրանսպորտին։ Համայնքներում կգործի էկոլոգիապես մաքուր հանրային տրանսպորտ՝ տոմսերի էլեկտրոնային վավերացման համակարգերով, շուտով կգործեն պլաստիկի վերամշակման հոսքագծեր, որոնք արտադրելու են շինարարական նյութեր՝ հանրային տարածքների բարեկարգման համար, իսկ համայնքապետարանները ձևավորել են քաղաքաշինության պլանավորման, աղբի վերամշակման և հանրային տրանսպորտի ոլորտներում նոր գործիքների կառավարման տեխնիկական հմտություններ։ 

Նշվեց, որ  ծրագրի շնորհիվ  Վանաձոր և Գյումրի քաղաքները հնարավորություն ունեցան  ստեղծելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», որոնք ունեն կենսական նշանակություն քաղաքաշինության ոլորտում։ Տվյալների պահպանման և կառավարման ընդհանուր համակարգի միջոցով քաղաքային կառավարման կառույցներին հասանելի է ենթակառուցվածքների, կոմունալ համակարգերի, կապի ցանցերի, տարածական պլանավորման, շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ անհրաժեշտ ցանկացած տեղեկատվություն՝ որակյալ որոշումներ կայացնելու համար։ 

Ծրագրի շրջանակներում, հանրության տարբեր խմբերի հետ իրականացվել են բնապահպանական վարքագծի փոփոխության  և  իրազեկման արշավներ, անցկացվել են վերապատրաստումներ՝ ուսուցիչների  և հանրային ծառայողների կարողությունների զարգացման։ Վանաձոր ու Գյումրի քաղաքներն իրենց փորձը կփոխանցեն հարակից համայնքներին։

«Մեզ համար անչափ կարևոր է ինչպես ծրագրի շրջանակներում ձեռք բերված տեխնիկան, այնպես  էլ քաղաքացիների վարքագծի փոփոխությունը։ Այս ծրագրի շնորհիվ, կարողացանք լրացնել այն բացը, որը մեր քաղաքն ուներ»,- նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը շարունակական է լինելու։ 

«Ուրախ եմ այսօր հայտնելու, որ ծրագիրն ավարտվել է՝  իր առջև  դրված բոլոր խնդիրները լուծելով ու բոլոր բաղադրիչներն իրականացնելով։ Ծրագրի ավարտին, գնումների տեսակետից մենք չունենք ոչ մի չիրականացված գնում»,- ասաց «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին՝ տեղեկացնելով, որ արտանետումները կրճատելու նպատակ ձեռք բերված 5-ական էլեկտրաավտոբուսներն այս  պահին մաքսատանն են և հաջորդ շաբաթ արդեն կհանձնվեն համայնքներին։

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագիրը մեկնարկել է 2021թ․փետրվարին։ Ծրագրի տևողությունը 40 ամիս էր։ Ծրագրի ընդհանուր արժեքն էր 4.360.849.2 եվրո։ Ծրագրի նպատակն էր՝ խթանել Վանաձոր և Գյումրի համայնքների քաղաքաշինության կայուն և կանաչ կառավարումը՝ տարածաշրջանում իրավա-քաղաքական գործընթացների, ծառայությունների մատուցման որակի բարելավման միջոցով: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում