Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ
Նոյեմբերի 16-ին, պետական ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր գյուղի՝ «Սևանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։
Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Բնապահպանական միջոցառմանը մասնակցել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սևան ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սևանի իշխան»ՓԲԸ ներկայացուցիչներ։
«Սևանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սևանա լիճ է բաց թողնվում «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։
«Առաջին միջոցառումն իրականացվել է 2023 թվականի գարնանը, երբ մեր ընկերությանը պականող ձկնաբուծական գործարանից Սևանա լիճ բաց թողեցինք 130 հազար հատ իշխանի մանրաձուկ, իսկ երկրորդ անգամ դա անում ենք աշնան վերջին՝ լիճ բաց թողնելով եւս 100 հազարի չափով։ Եկող տարի ծրագրել ենք այս քանակը հասցնել 300 հազարի, իսկ հետագա տարիներին աստիճանաբար ու էականորեն ավելացնել նախկին ցուցանիշները»,-ներկայացրել է Տիգրան Վարդանյանը։
«Շրջակա միջավայրի նախարարության ընթացիկ ծրագրում նաև Սևանի իշխանի պահպանության ու վերարտադրության քաղաքականությունն է, որի շրջանակներում էլ այսօր իրականացնում ենք այս միջոցառումը։ Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են Սևանա լճի եւ լիճ թափվող գետերի ջրային եւ կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում ենք լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով, իրար փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի իրականացմամբ։ Ու կարծում եմ, որ կհասնենք հաջողության»ն,- ներկայացրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Կարծիքներ