«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները տեղի կունենան Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում իրականացվող «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի ամփոփիչ հանդիպումները կանցկացնի Երևանում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթական ծրագրի երևանյան հանդիպումները կանցկացվեն Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում» հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16։00-ին, իսկ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում՝ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Միջոցառումների մուտքն ազատ է։

«Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագրի նպատակն է նոր սերնդին հաղորդակից դարձնել 20-րդ դարի հայազգի հանճարի կախարդական աշխարհին, վերստին արժևորել վարպետի վաստակն ու համբավը։

Ծրագրի շրջանակում կինոգետ, ռեժիսոր Ռաֆֆի Մովսիսյանը դասախոսությունների ընթացքում ներկայացնում է Սերգեյ Փարաջանովի կերպարը, բազմաբնույթ ստեղծագործություններն ու նրա արվեստի հիմնաքարերը։

Ծրագրի անցկացման վայրերում վարպետի լուսանկարներով ազդագրեր են փակցվում, որոնցից յուրաքանչյուրը ներառում է Սերգեյ Փարաջանովի ասույթներից մեկը: Ազդագրերը նաև հագեցած են QR կոդով՝ Սերգեյ Փարաջանովի մասին հայերեն և անգլերեն լիաժեք տեղեկատվությամբ։

Նշենք, որ «Սերգեյ Փարաջանով․ բացահայտումներ» կրթական ծրագիրն իրականացվել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի մարզերում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում