102.4 % սեփական եկամուտների հավաքագրում, 85.1 % ծախսերի կատարում․ Երևանի բյուջեի նման կատարողականն աննախադեպ նվաճում է
2022թ. Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 102.4 %, իսկ ծախսերի կատարումը՝ 85.1 %, որը 2017թ.–ից այս կողմ աննախադեպ նվաճում է: Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի ճիշտ պլանավորման, օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համայնքը կարողացել է նման ցուցանիշներ ապահովել:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ, կարևորելով անկանխիկ վճարումներին անցնելու գործընթացը, ընդգծել է, որ առավել արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով համայնքը քաղաքացիների համար ստեղծել է մի շարք հարթակներ, որոնք իրենց հերթին նպաստել են համայնքային բյուջե մուտքերի ապահովմանը:
«Մենք ունենք պարտաճանաչ քաղաքացիներ, սակայն վերջինների համար լավ միջավայր ապահովված չի եղել, որ համայնքի հանդեպ պարտավորությունները պատշաճ կատարեն: Էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով մենք հնարավորություն ենք տվել մեր բնակիչներին իրենց իսկ նախընտրած վայրից անկանխիկ վճարումներ կատարել: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բնակիչներին մատուցվող ծառայությունների թվայնացումը, որն ապահովում է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, վերահսկողություն, որոշումների արագ կայացում»,- նշել է քաղաքապետը:
Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2022թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը: Որպես կենսական նշանակություն ունեցող ծրագրեր՝ առանձնակի կարևորվել են երթուղային ցանցի ներդրման շրջանակում 252 միավոր նոր շարժակազմի՝ 87 միավոր «MAN», 150 միավոր «Zhong Tong» և 15 տրոլեյբուսի ձեռքբերումը, հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք կմեկնարկեն այս տարի։
2023թ. կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր, շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, կառուցվել է Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհ, գործընկեր կառույցների աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով լայն թափով իրականացվել և իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, մեկնարկել են երկու պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները, փոխարինվել է 467 վերելակ:
Նշվել է նաև, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022թ. օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման 1-ին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները։ Ըստ նախնական գնատահատականի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի:
Մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը՝ Երևանի զարգացման 2022թ. ծրագրի իրականացման և բյուջեի կատարման հաշվետվությունների նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ:
Կարծիքներ