Խաղողը վազի վրա փչանում է, գյուղացիներն աջակցության կարիք ունեն. տեսանյութ
Եվս 15 օր և Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչները կկորցնեն ողջ տարվա եկամուտը, գյուղամիջում հավաքված խաղողագործները բողոքում են՝ բերքն ամիսների տանջանքով ու մեծ վարկերով են ստեղծել, հիմա վազի վրա փչանում է, գերհասունացել է, շուտով ուղղակի կթոռոմի ու վազից խաղողի փոխարեն չամիչ կհավաքեն: Սպայկա ընկերությունն այս տարի միակն է, որ խաղողագործների հետ համագործակցել է ու մոտ 200 տոննա խաղող մթերել: Հետո՝ ինչպես գյուղացիներն են պնդում դադարեցրել է աշխատանքները ֆինանսական խնդիրների պատճառով: Եթե Սպայկան էլ ձեռք չմեկնի Մոտ 4000 տոննա խաղողը դաշտում, վարկերն էլ բանկում են մնալու, որովհետև կառավարությունն այլընտրանք չի առաջարկում: Սեփական նախաձեռնությամբ վաճառել փորձելն անգամ անիմաստ է, գյուղացիներն օրերով շուկայում են մնում, ջրի գնով քիչ ու միչ վաճառքից հետո,թոռոմած խաղողը թափում ու հետ են վերադառնում: Խնդիրը միայն Արմավիրի մարզում չէ, այսօր Արարատի մարզպետարանի դիմաց նույն պահանջով հավաքվել էին մարզի գյուղերի խաղողագործները, Սպայկայի հետ տարիներ շարունակ համագործակցել են, հարմար գնով ու լավ պայմաններով վաճառել են իրենց ապրանքն ու գոհ մնացել, այս տարի էլ իրենց խնդրանք-պահանջը նույնն է: Գյուղացիների մոտ հարց է առաջանում՝ ինչու արտահանող ընկերությունները չեն ընդգրկվել կառավարության՝ խաղողի մթերմանն աջակցող, վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորող 24-րդ ծրագրում այն դեպքում, երբ գյուղացիներին առավել շահեկան է աշխատել հենց արտահանողների հետ: Այս հարցը դեռ անպատասխան է մնացել, այնինչ ժամանակը կարճ է, իսկ աջակցման ուշացումը կարող է անդառնալի լինել:
Կարծիքներ