Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ․ Նիկոլ Փաշինյան
Իմ երեկվա ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից։
Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ելույթով ճանապարհ է բացվում Հայաստանի և Արցախի պետականությունը պահպանելու համար:
«Էկզոտիկ մտքեր են հնչում: Սպառնալիք է որպես հնչում, որ եթե այդպես չլինի, այնպես չլինի, Ղարաբաղի ժողովրդին դուրս կհանենք Ղարաբաղից, կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը: Տպավորություն է, որ մարդիկ կան՝ երազում են, որ Ղարաբաղի ժողովուրդը օր առաջ դուրս գա։ Ոչ, մենք ասում ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպետք է գա, Ղարաբաղի ժողոբուրդը պետք է Ղարաբաղում ապրի, Ղարաբաղում ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ:
Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Սրա մասին է խոսքը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմում զինծառայողները հենց դրա համար են զոհվել, որպեսզի հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար։
«Մենք ճանապարհ ենք բացել, որպեսզի մեր ժողովրդին , հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք:
Ես այսօր ասում եմ՝ Հայաստան ինքնիշխան պետություն է և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն և ոնց և ինչքան մեզ ներեն, մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք: Այո, մենք հպարտ ենք, մենք ունենք ինքնասիրություն և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլեն մեզնից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս»,- ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև հայտնեց, որ մոտ հազար զոհ ենք ունեցել հայտարարված խաղաղության ժամանակ, ինչը նշանակում է՝ դա խաղաղություն չէ:
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր նահատակների հիշատակը:
Կարծիքներ