Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի․ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) հայտնել են, որ Ավստրալիայում 2019 թվականի հունիսից մինչև 2020 թվականի փետրվարը տևած անտառային կործանարար հրդեհների հետևանքով ավելի քան 3 միլիարդ կենդանի է սատկել։
«Ժամանակակից պատմության մեջ Ավստրալիայում 2019-2020 թվականների զանգվածային անտառային հրդեհներն ամենաողբերգական իրադարձություններից են։ Հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 3 միլիարդ կենդանի․․․Վայրի բնության համաշխարահային հիմնադրամի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կենդանական աշխարհի կորուստների իրական թիվը 3 անգամ ավելի մեծ է, քան նախկինում հնարավոր էր կանխատեսել։ Ընդհանուր սատկել է մոտ 143 միլիոն կաթնասուն, 2,46 միլիարդ սողուն, 180 միլիոն թռչուն, 51 միլիոն գորտ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ կենդանական աշխարհին հասցված վնասի գնահատման համար գիտնականներն ընդհանուր 28 միլիոն հեկտար այրված տարածք են հետազոտել։
Ավստրալիայում 2019 թվականին սկսված հրդեհների հետևանքով միլիոնավոր հեկտար հողատարածքներ են այրվել, կրակը վերջին ամիսներին 27 մարդու կյանք է խլել, ավերվել է ավելի քան 2 000 տուն։
Սիդնեյի համալսարանի գնահատականներով՝ հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան 1 միլիարդ կենդանի։
Կարծիքներ