Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակելու է ավելացնել ռազմական ծախսն ու հզորացնել բանակը, գնել նոր սպառազինություններ. Արման Բաբաջանյան
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը շարունակելու է ավելացնել ռազմական ծախսն ու հզորացնել բանակը, գնել նոր սպառազինություններ, խոսքն ուղղելով նաև Հայաստանին:
Ալիևի այդ հայտարարությունները անշուշտ ուղղված են ներքին սպառման, սակայն ոչ միայն: Ալիևի համար ռազմական հաղթանակը աստիճանաբար կորցնում է քաղաքական ազդեցությունը կամ նշանակությունը: Նա իր իշխանությունն առաջին իսկ օրից ըստ էության կառուցել էր այդ հաղթանակի սպասման վրա, հասցնելով սպասումն անգամ «ազգային ինքնության» աստիճանի:
Ռազմական հաղթանակի նա ի վերջո հասավ, աշխարհաքաղաքական իրողությունները դասավորվեցին նրա համար նպաստավոր տրամաբանությամբ, բայց, նա չի հասել արցախյան հարցի լուծման՝ ինչպես ինքն է հավաստիացնում, և ավելին՝ այդ լուծման մասին նրան հիշեցնելու են ավելի ու ավելի շատ:
Ըստ այդմ, Ալիևի համար ավելի ու ավելի բարդ է լինելու այդ հաղթանակը երկրի ներսում «իրացնելը» և դրա դիմաց իշխանական, քաղաքական դիրքերը ամրացնելը:
Այս իրավիճակը ստիպում է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ Ալիևն իր իշխանության երկարաձգման, «հավերժացման» նոր բանաձև գտնելու հարցում չունենալով այլ հնարավորություններ, դարձյալ դիմելու է նոր պատերազմի «սպասման» միջոցին: Մեծ հավանականությամբ նա փորձելու է ձևավորել այդ նոր սպասումը, այսպես ասած «կիսատ թողածը» լրացնելու տրամաբանությամբ:
Այդ ամենը նշանակում է, որ Հայաստանի և Արցախի համար նա սկսում է ըստ էության «երկրորդ շրջան»:
Հայաստանը երկրորդ շրջանում բացարձակ զուրկ է առաջինի որևէ սխալ կրկնելու իրավունքից, որովհետև առաջին շրջանում թույլ է տվել սխալներ այնպիսի թվով ու խորությամբ, որոնք սպառել են ապագայի համար այդ իրավունքը շատ երկար ժամանակով: Հայաստանը պետք է խոսի խաղաղության մասին և ձգտի խաղաղության, բայց այդ ձգտման երաշխիքը պետք է լինի այդ խաղաղությունը պաշտպանելու կարողության առավելագույնս արագ վերականգնումը: Ընդ որում, խոսքն այս դեպքում համալիր կարողության մասին է, որ ներառում է բանակը, սակայն դրա ներքո՝ ուժեղ հասարակական-քաղաքական օրգանիզմ, ուժեղ տնտեսությամբ:
Այս բոլորը նշանակում է մեկ բան, որ Բաքվի ղեկավարը պատերազմում այսպիսի հաղթանակից հետո նույնիսկ վախենում է, որ Հայաստանը, հայ ժողովուրդը պարտությունը հաղթահարելու, ոտքի է կանգնելու և կրկին վերականգելու է իր ռեգիոնալ նշանակությունը:
Հայոց գարունը գալու է Երևանում, Շուշիում և Ագուլիսում... 
Դրա համար պետք է անդադար մտածել աշխատանքի, կարգապահ և ստեղծարար աշխատանքի, համազգային կարողությունների, երազանքների և նպատակների մեկտեղման:
Կարծիքներ