ԱՄՆ-ը կսահմանի պատժամիջոցներ Իրանի դեմ մետալուրգիայի եւ սովորական սպառազինության ոլորտում

ԱՄՆ-ը կսահմանի պատժամիջոցներ Իրանի դեմ մետալուրգիայի եւ սովորական սպառազինության ոլորտում

Ուրբաթ Միացյալ Նահանգները մտադիր են միակողմանի պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ մետալուրգիայի եւ սովորական սպառազինության ոլորտում: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին: Գործակալությունն ուրիշ մանրամասներ չի ներկայացնում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Axios հարթակը՝ ԱՄՆ հեռացող վարչակազմը պատրաստվում էր հայտարարել Թեհրանի նկատմամբ սահմանափակումների մասին գրեթե յուրաքանչյուր շաբաթ նախքան լիազորությունների ավարտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրանին սովորական զինամթերք մատակարարելու եւ այդ երկրից արտահանելու վերաբերյալ ՄԱԿ-ի էմբարգոն սպառվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: Այդ օրը լրացել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի հինգերորդ տարելիցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն չեղարկելու դեմ վերջին ամիսներին ակտիվ հայտարարություններ էր անում ԱՄՆ-ը: 2020 թվականի սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը սահմանել է սեփական պատժամիջոցները՝ ուղղված Թեհրանին զենք վաճառելու դեմ: Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման նրանց նկատմամբ սահմանափակումների մասին, ովքեր կմասնակցեն Իրանին «միջուկային տեխնոլոգիաներ, բալիստիկ հրթիռների [արտադրելու] տեխնոլոգիաներ եւ սովորական սպառազինություն» մատակարարումների գործում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում