Երբ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում ենք. Փաշինյանը՝ Լեռնամերձի բնակչին

Երբ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում ենք. Փաշինյանը՝ Լեռնամերձի բնակչին

Վաղարշապատ համայնք այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ քննարկեց Լեռնամերձ բնակավայրի երեխաների՝ դպրոց հաճախելու հարցը:

Քաղաքացին դժգոհեց, թե Լեռնամերձի բնակիչները ստիպված են մի քանի կիլոմետր ճանապարհ կտրել հարակից բնակավայրի դպրոց հաճախելու համար, ուստի ավելի հարմարավետ կլիներ, որ տեղում գործեին և՛ դպրոց, և՛ մանկապարտեզ, և՛ նախակրթարան, որպեսզի, ըստ քաղաքացու, նաև գյուղը չդատարկվի:

Փաշինյանն արձագանքեց՝ ճանապարհը կնորոգվի, իսկ երեխաներին գյուղից ավտոբուս կտանի-կբերի: Ըստ վարչապետի՝ հարակից բնակավայրում երեխաներն ավելի որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն, իսկ ինչ վերաբերում է տարածությանը, ապա հիշեցրեց, որ իր չորս երեխաներն էլ ամեն օր 6 կիլոմետր ճանապարհ են կտրել, որպեսզի հաճախեն դպրոց:

«Մենք պլանավորում ենք միկրոավտոբուսներ առնել՝ պրոֆեսիոնալ վարորդներով, որ առավոտյան մտնի գյուղ, երեխաներին տանի դպրոց, իսկ երեկոյան բերի գյուղ ու իջեցնի:

Մի ուրիշ առաջարկ կա, ասում ենք՝ տրանսպորտի համար ինչքա՞ն եք ծախսում, քանի որ կարող է տարբերակ լինել, որ ծնողներին կոմպենսացնենք ճանապարհածախսը, գումարը տանք: Կարող է 2-3 հարևաններով հավաքվում են, ասում են՝ մենք չենք վստահում ձեր վարորդին, մենք ամեն օր մեր երեխաներին տանում-բերում ենք: Նման տարբերակ էլ կա: Մեր խնդիրն այն է, որ երեխաները ստանան նույն մակարդակի կրթություն, ինչ ստանում են Երևանի ամենակենտրոնի դպրոցում»,- ասաց նա:

Մյուս կողմից՝ խնդիր է նաև այն, որ գյուղում բավարար թվով աշակերտներ չկան, որպեսզի առանձին դպրոց գործի նրանց համար, բացի դրանից՝ 30-50 հոգանոց դպրոցում որակյալ կրթություն ապահովել հնարավոր չէ:

«Ձեր աչքերի մեջ նայելով՝ խոստանում եմ, որ երբ 100 աշակերտ եղավ, գյուղում դպրոցը կառուցում ենք: Իսկ 50-ով չի լինի, պրոբլեմ է… Բայց անպայման հիշեք՝ ինչպես իմ երեխաների կրթությանն եմ վերաբերվել, այնպես էլ վերաբերվում եմ ձեր երեխաների կրթությանը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում