ԱԺ հանձնաժողովը ՀՌՀ անդամների պաշտոնում հաստատեց երկու թեկնածուի, մերժեց մեկի թեկնածությունը
ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը ԱԺ-ին ներկայացնելու համար հավանություն տվեց ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արթուր Մանուկյանի և Հակոբ Հակոբյանի թեկնածություններին, մերժեց «Հայաստան» խմբակցության առաջադրած Մանվել Բադալյանի թեկնածությունը:
Մանվել Բադալյանի թեկնածությունը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Բադալյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, զբաղվել է մանկավարժական և գիտական գործունեությամբ, ներկայում էլ դասավանդում է Հայաստանի երկու բուհերում: Պատգամավորը ներկայացրեց Բադալյանի աշխատանքային գործունեության հիմնական հանգրվանները՝ շեշտելով, որ նա ծավալել է հարուստ աշխատանքային գործունեություն: Անդրադառնալով լրագրության ոլորտում փորձին՝ Գալստյանը ներկայացրեց, որ Բադալյանը 2003-ին հիմնադրել է «Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթը, 2007-ից մինչև օրս՝ «Հանրային կառավարում» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ: Թեկնածուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների տարբեր հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ թեկնածուի կենսագրության մեջ հեռուստատեսության և ռադիոյի հետ առնչություն չկա: «Սակայն ոչ ես, ոչ հանձնաժողովի անդամները կասկածի տակ չդրեցինք տնտեսագիտության ոլորտում նրա գիտելիքները»,-ասաց պատգամավորը: Բադալյանի թեկնածությունը քվեարկությամբ մերժվեց:
ՔՊ-ից Գուրգեն Արսենյանը ներկայացրեց Հակոբ Հակոբյանի կենսագրությունը, գործունեության հետ կապված որոշ դրվագներ: Անդրադառնալով Հակոբյանի աշխատանքային գործունեությանը՝ նա ասաց, որ Հակոբյանն աշխատել սկսել է որպես հայերենի ուսուցիչ: Նա աշխատել է «Ապագա բժիշկ» թերթում՝ որպես սրբագրող, 1979-1991 թթ իր մասնագիտական աշխատանքը շարունակել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում, 1991-1996 թթ եղել է ՀՀ մշակույթի նախարար: Հակոբ Հակոբյանը բանաստեղծ է, թարգմանիչ: Թեկնածուն կրկին ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների հարցերին: Քվեարկությամբ Հակոբ Հակոբյանի թեկնածությունն ԱԺ հանձնաժողովը հաստատեց:
ՔՊ-ի կողմից Արթուր Մանուկյանին ներկայացրեց Թագուհի Ղազարյանը: Մանուկյանը 1997-2000 թթ աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ նույնպես որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերության ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան, 2015-ից՝ ՔՊ կուսակցության անդամ է, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը հետաքրքրվեց, թե Մանուկյանն ինչպե՞ս է կարողանալու կուսակցական կախվածությունը և անկախ մարմնի անդամի գործունեությունը համադրել: Մանուկյանը պատասխանեց, որ կսառեցնի իր գործունեությունը կուսակցությունում՝ կատարելով օրենքի պահանջը: Մանուկյանի թեկնածությանը ևս քվեարկությամբ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց:
Նրանց թեկնածությունների հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
Կարծիքներ