Արմեն Սարգսյանն անդրադարձել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:
Նշվում է, որ նախագահ Սարգսյանը հարցազրույցներ է տվել նաև միջազգային լրատվամիջոցներին՝ ևս մեկ անգամ խոսելով հետպատերազմյան իրավիճակի և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների մասին:
Համաժողովի մասնակից միջազգային կորպորացիաների ու ընկերությունների (այդ թվում՝ Paypal, McKinsey & Company, Bharti Enterprises, Mastercard, Temasek, Tata Group և այլք) ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ապագային միտված ծրագրերին:
Համաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության, կլիմայի և առողջապահության ոլորտների վրա համավարակի ազդեցության հետևանքները, նոր մարտահրավերները, դրանց դիմակայելու քայլերն ու տնտեսական նոր հնարավորությունները:
Կարծիքներ