Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի բռնկումներ են գրանցվել. ԵՄ-ն ուսումնասիրում է շուկան

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի բռնկումներ են գրանցվել. ԵՄ-ն ուսումնասիրում է շուկան

Եվրոպայում շոկոլադի օգտագործման պատճառով սալմոնելայի դեպքերի բռնկումները գրավել է Եվրամիության ուշադրությունը: Դեղերի եվրոպական գործակալությունը (European Medicines Agency) ապրիլի 6-ին հայտարարել է, որ ուսումնասիրում է արձանագրված մի քանի տասնյակ դեպքերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սալմոնելա է հայտնաբերվել առնվազն 9 երկրում:

Դեղերի եվրոպական գործակալությունը հայտնել է, որ գրանցված դեպքերը մեծամասամբ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում են: Գործակալությունից հայտնել են, որ Kinder-ի շոկոլադե ձվերը ևս ներգրավված են, սակայն չի հստակեցրել, թե արդյոք խնդիրը բացառապես այդ արտադրանքի հետ է կապված:

Ուշագրավ է, որ իտալական Ferrero ընկերությունն ապրիլի 6-ին հետ է կանչել շոկոլադե Kinder Surprise ձվերի և այլ ապրանքների խմբաքանակներն Իսպանիայից: Ապրիլի 4-ին դրանք հետ էին կանչվել Բրիտանիայից և Իռլանդիայից: Ընկերությունը քայլը նախազգուշական է որակել՝ հայտարարելով, թե շուկայում գտնվող Kinder-ի որևէ ապրանքի մեջ սալմոնելա չի հայտնաբերվել:

«Գրանցված դեպքերն աչքի են ընկնում երեխաների շրջանում հոսպիտալացումների մեծ թվով, նրանցից ոմանք ունեն ծանր կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է արյունոտ փորլուծությունը»,- հայտնել են Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնից:

Դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մեծ Բրիտանիայում՝ 63 դեպք: Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Շվեդիայում և Նորվեգիայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում