«Գորշ գայլեր» կոչված տեռորիստական կազմակերպության թելերը գնում են մինչև Էրդողան. ֆրանսիահայ
«Գորշ գայլեր» կոչված տեռորիստական կազմակերպության թելերը գնում են մինչև Էրդողան։ Ֆրանսիայի հայ համայնքը, ըստ էության, բավականին զգուշավոր է։ Այս մասին freenews.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչ Արման Ավագյանը։
«Տեղի հայ համայնքը տարբեր խմբեր է հիմնել, որոնք շուրջօրյա պտտվում են դպրոցների, եկեղեցիների շուրջ, որպեսզի անվտանգությունը պահպանվի մինչև ոստիկանության գալը։ Պետք է ասել, որ համայնքն աշխատում է ոստիկանության հետ»,- ասաց Արման Ավագյանը։
Անդրդառնալով Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանը թուրքերի կողմից վանդալիզմի ենթարկվելուն, Ավագյանը շեշտեց՝ հայ համայնքի ներկայացուցիչները ամբողջությամբ մաքրել են տարածքը: «Բնականաբար, երբ գրված է Էրդողան և «գորշ գայլեր», դրանք վախեցնելու միջոցներ են, որից Լիոնի հայ համայնքը չի վախենում»։
Հետաքրրվեցինք՝ Ֆրանսիայի ո՞ր քաղաքներն են հիմնականում թիրախավորվել թուրքերի կողմից․
«Այնտեղ՝ որտեղ Թուրքերը շատ են, այնտեղ՝ որտեղ կան հայկական կոթողներ, համայնքներ։ Հարցը վերաբերում է Մարսելին, Լիոնին։ Փարիզյան շրջանում ունենք, Արֆոլվիլ քաղաքը, որը ևս կարող է թիրախավորված լինել»,- ասաց Արման Ավագյանը։
Հարցին, թե տեղի իշխանություններն ինչպե՞ս են արձագանքում այն փաստին, որ մուսուլմանները հարձակվում են խաղաղ ցուցարարների վրա և ծեծում նրանց, Արման Ավագյանն ասաց․
«Այս պահի դրությամբ դեռ մուսուլմանները չեն հարձակվել հայերի վրա, եղել են վախեցնող երթեր։ Ֆրանսիացիները կդատապարտեն, եթե նման դեպք լինի, բայց հուսանք չի լինի նման դեպք։ Տվյալ պարագայում հարցը ոչ միայն թուրքերն ու հայերն են, այլ կրոնական հիմքն է։ Ֆրանսիայի ոստիկանները չափազանց լրջությամբ են ընդունում «գորշ գայլերի» ոտնձգությունները։ Հավատացեք՝ թուրքական համայնքի նկատմամբ լուրջ հսկողություն է սահմանված։ Հայ համայնքի նկատմամբ անվտանգությունը պահպանելու միջոցներ նախաձեռնված են Ֆրանսիայի ոստիկանների կողմից»,- եզրափակեց Արաման Ավագյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել: Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են երկու հայ ցուցարարի, որից հետո հայ ցուցարարներն էլ նրանց են հարվածներ հասցրել: Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, ովքեր էլ մուրճերով հարձակվել են իրենց վրա:
Կարծիքներ