Հայաստանում հաջորդ շաբաթ կմեկնարկի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում։
Կարծիքներ