Սյունիքի ռազմավարական նշանակությունը մեծանում է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Տեսակոնֆերանսի ձեւաչափով նախօրեին տեղի էր ունեցել Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (CCTS, Թյուրքական խորհուրդ) ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Այս հանդիպումը մեզ համար հետաքրքրություն է ներկայացնում այնքանով, որքանով խոսք է եղել անմիջականորեն Հայաստանին առնչվող եւ մեր շահերին վերաբերող թեմաների մասին։ Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում՝ Ռամադանի տոներից հետո Ալիեւի հետ այցելելու է Շուշի, ինչը նրանց համար «կդառնա եւս մեկ տոն»։ Ալիեւի եւ Էրդողանի համար Շուշին դարձել էր գերնպատակ։ Ռազմավարական կարեւորություն ունենալուց բացի Շուշին նաեւ խորհրդանշական նշանակություն ունի։ Պատահական չէ, որ Շուշին հռչակվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, եւ բազմաթիվ նախագծեր են մշակվում, որոնք ցանկանում են կյանքի կոչել հենց Արցախ աշխարհի զարդը համարվող քաղաքում։
Մյուս չափազանց կարեւոր հայտարարությունն արվել է Ադրբեջանի նախագահի կողմից եւ վերաբերում է Սյունիքին, որտեղով պատրաստվում են միավորել թյուրքական աշխարհի երկրները, իսկ առաջին հերթին՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Որպես հյուսիսն ու հարավը, ինչպես նաեւ արեւմուտքն ու արեւելքը միմյանց կապող կարեւորագույն հանգույց՝ Սյունիքը որոշիչ դերակատարություն է ունենալու պետությունների համար տարածաշրջանային զարգացումներում։ Եթե Զանգեզուրը դառնա թյուրքական աշխարհը միավորող գործոն, ապա դրանով կասկածի տակ կդրվի մեր պետականությունը, այնինչ այսօր Հայաստանը կարող է եւ պարտավոր է ամուր պահել մեր երկրի ողնաշարը՝ Լեռնահայաստանը, ինչը թույլ կտա պահպանել եւ մեծացնել տարածաշրջանում ունեցած մեր կշիռը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ