Երևանի ավագանին որոշեց քաղաքապետարանի աշխատակզմի կառուցվածքում փոփոխություններ իրականացնել
Սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքների լուծարումից հետո Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշեց հաստիքացուցակների փոփոխություններ իրականացնել:
Ինչպես հայտնեց զեկուցող, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, այդ բաժանմունքների լուծարումից հետո լիազորություններն այսուհետև իրականացնելու են սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները:
«Այս գործընթցի համար որպես վերջնաժամկետ սահմանված էր ապրիլի 1-ը, այն արդեն իրականացվել է: Այժմ մեր հաստիքացուցակում պետք է կատարենք աշխատակիցների փոփոխություն»,- նշեց Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքում, հաստիքացուցակում, աշխատակիցների թվաքանակում, ինչպես նաև Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու որոշման մեջ նույնպես փոփոխություններ են կատարվելու:
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ իրենք քննարկել են ու տվել դրական եզրակացություն:
«Սոցիալական բլոկում շատ մեծ ծավալով փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնք մտել են բովանդակային փուլ: Այս պահին վերապատրաստումներ են իրականացվում վարչական շրջանների սոցիալական բաժինների աշխատակիցների համար: Նրանցից ոչ ոք չուներ սոցիալական աշխատողի որակավորում: Երեկ անձամբ այցելել եմ և կարող եմ վստահեցնել, որ վերապատրաստված մեր մասնագետները շատ ոգևորվածությամբ են փոխանցում իրենց գիտելիքները»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Վարդանյանը և հավելեց, որ մի քանի օրից այդ աշխատակիցները հանձնելու են առաջին քննությունը, ինչից հետո պարզ կդառնա, թե ովքեր կշարունակեն իրենց ուսումնառությունը:
Որոշումն ընդունվեց 40 «կողմ», 1 «ձեռնպահ» և 0 «դեմ» ձայներով:
Կարծիքներ