Միջազգային արբիտրաժային համաժողովին մասնակցում են ոլորտի պրոֆեսիոնալներ շուրջ 20 երկրից
Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:
Համաժողովի բացման խոսքում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը, իսկ ոլորտի զարգացման առաջնորդությունն ստանձնել և իրականացնում է արդարադատության նախարարությունը: Նախարարը շեշտել է, որ տարիներ շարունակ Կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը, և երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում:
Արբիտրաժի զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, մեկ տարվա ընթացքում նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում:
Օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն է ընձեռվել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսվել են ավելի կարճ ժամկետներ, հստակեցվել են արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարվել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը: Այս տարի կմեկնարկեն Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում:
Ամփոփելով ելույթը՝ նախարարը վստահություն է հայտնել, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Արբիտրաժային շաբաթվա ընթացքում նախատեսվում են նաև շուրջ 9 մասնագիտական քննարկումներ տարբեր թիրախային ոլորտների զարգացման առնչությամբ:
«Հայաստանի արբիտրաժային շաբաթ 2024» միջոցառումների շարքը կազմակերպվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից և իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Քոունթերփարթ ինթերնեշնլի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ:
Կարծիքներ