Նոր պարեկային ծառայությունը Երեւանում կհայտնվի 2021-ի գարնանը․ ցածրահասակներ չեն ընդունվում

Նոր պարեկային ծառայությունը Երեւանում կհայտնվի 2021-ի գարնանը․ ցածրահասակներ չեն ընդունվում

Նոր պարեկային ծառայությունը Երեւանում կհայտնվի հաջորդ գարնանը: Ծառայության ընդունման մանրամասները, դրա գործառույթների ու հեռանկարների մասին հուլիսի 15-ին մամուլի ասուլիսին պատմել են ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը եւ փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ գաղափարը կառավարության կողմից հաստատվել է այս տարվա ապրիլին՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության շրջանակներում: «Սա էլ կլինի առաջին քայլը: Նոր ծառայությունը կփոխարինի գոյություն ունեցող երկու ծառայություններին՝ պարեկային ծառայությանը եւ ճանապարհային ոստիկանությանը: Բարեփոխումների նպատակը ժողովրդավարական պետությանն արժանի ոստիկանի նոր կերպարի ձեւավորումն է։

Ոստիկանության ներկայացուցիչը նշել է որ համակարգում բարեփոխումների էին սպասում: Ըստ նրա՝ առաջին փուլում ծառայությունը կստեղծվի Երեւանում: Մայրաքաղաքում գործընթացը կավարտվի մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը: Այնուհետեւ բարեփոխումները կսկսեն իրականացվել մարզերում: «Կարող է թվալ, որ նոր ծառայությունը երկու ծառայությունների սիմբիոզ է: Դա այդպես չէ․ սա բոլորովին նոր ծառայություն է՝ իր գործառույթներով եւ ծառայության կազմակերպմամբ: Զուգահեռաբար օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի, որն էլ կղեկավարի ծառայության աշխատանքը»,- նշել է Եսայանը:

Նոր ծառայության շարքերը համալրել ցանկացողների դիմումների ընդունումն արդեն սկսվել է: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում երկու սեռի մի քանի հարյուր քաղաքացի է դիմել: Դիմել կարող են թե՛ ոստիկանության, թե՛ իրավապահ մարմինների ներկայացուցիչները եւ թե՛ քաղաքացիական անձինք: Նրանց, ովքեր կանցնեն մրցույթը, հինգ ամիս տեւողությամբ դասընթացներ են սպասվում (ոստիկանների դեպքում՝ վերապատրաստման): Ինչպես նշել է Տիգրան Եսայանը, դասընթացները չանցած ոստիկանները, երկու ծառայությունների աշխատակիցները, կտեղափոխվեն այլ ստորաբաժանումներ: «Հուսով եմ՝ կրճատումներ չեն լինի»,- պարզաբանել է փոխոստիկանապետը:

Ոստիկանի նոր կերպարին համապատասխանելու համար դիմորդներին մի շարք պահանջներ են ներկայացվել. 160 սմ-ից ոչ ցածր հասակ (ինչ-ինչ պատճառներով քաշը նշված չէ), վարորդական իրավունքի վկայականի եւ վարորդական հմտությունների առկայություն: Կան նաեւ տարիքային սահմանափակումներ. դիմորդը չպետք է լինի 35 տարեկանից մեծ (դա վերաբերում է ոստիկանության բոլոր ծառայողներին): Տրամաբանությունը կայանում է նրանում, որ ծառայողը պետք է հասցնի կարիերայի աճ ունենալ մինչեւ կենսաթոշակի անցնելը:

Բոլոր պահանջները հավասարապես վերաբերում են տղամարդկանց եւ կանանց: Երեւանում դասընթացի մասնակիցների համար նախատեսված է 770 տեղ, որից 230 տեղը՝ կանանց համար: Երեւանում գործընթացքի ավարտից հետո կսկսվեն բարեփոխումները մարզերում: Մինչեւ գործընթացի ավարտը մարզերում զուգահեռաբար կգործի հին համակարգը: Նոր համակարգին ամբողջությամբ անցումը նախատեսված է 2022 թվականի առաջին եռամսյակում:

Ծառայությունը կլինի զույգով՝ ինչպես հետիոտնայինի դեպքում, այնպես էլ ավտոմեքենայով: Գաղափարի հեղինակները մեծ նշանակություն են տալիս նոր տեխնիկական միջոցներին՝ զենքին, հատուկ միջոցներին, համակարգչային տեխնիկային, ավտոմեքենաներին:

Դիմումներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 7-ը, բայց հնարավոր է, որ ժամկետները երկարաձգվեն, եթե մեծ հոսք լինի: Դիմորդները պետք է համակարգչային թեստ հանձնեն, որում հարցեր են ընգրկված լեզվի, ընդհանուր գիտելիքների, տրամաբանության, համակարգչային գիտելիքների վերաբերյալ: Մեծ տեղ է հատկացված հոգեբանական եւ սթրեսակայունությանը, զայրույթի կառավարմանը։

Ծառայության անցածները հնգամյա պայմանագիր կկնքեն, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ոստիկանության եւ արդարադատության նախարարության կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում