Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ․ Արա Խզմալյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն կրթական հաստատություններից է: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ այս դպրոցում սովորելով` երեխաները խորը գիտելիքներ և մասնագիտական բազում հմտություններ ձեռք կբերեն: «Սիրելի' երեխաներ, վստահ եմ, որ ուսուցիչների ջանքերի շնորհիվ դպրոցը գիտելիքի մեծ պաշար է տալու ձեզ: Դուք ոտք եք դնում մի ճանապարհի վրա, որը չունի վերջ, չունի ավարտ: Ցանկությունս էլ այն է, որ դպրոցն ավարտելուն պես ձեռք բերեք ամենամեծ գիտելիքը՝ «Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ» գիտակցումը, որովհետև սովորելն անընդմեջ գործընթաց է, և չի լինելու մի պահ, որ մտածեք՝ այլև սովորելու ոչինչ չկա: Մեր նպատակն է ունենալ կրթված, արժանապատիվ քաղաքացիներ և պրոֆեսիոնալ մասնագետներ»,- նշել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցից երեխաները դուրս կգան գրագետ և զարգացած: Նախարարի տեղակալը բոլորին մաղթել է բարի մուտք կրթական ու մտավոր աշխարհ, ինչպես նաև բազում հաջողություններ: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը ևս շնորհավորել է դպրոցի սաներին և ուսուցիչներին տոնի առթիվ ու նշել, որ չնայած բոլոր մարտահրավերներին` դպրոցի տնօրինությունը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի երեխաները կրթվեն և դաստիարակվեն հրաշալի պայմաններում, դառնան արհեստավարժ երաժիշտներ և քայլերն ուղղեն դեպի մեծ բեմեր: Հաջորդիվ, նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նախարարի տեղակալը նշել է, որ նայելով պարարվեստի պետական քոլեջի սաներին` միայն հպարտության և ուրախության զգացումով է համակվում, քանի որ ունենք ապագա գեղեցիկ արտիստներ: «Անկեղծորեն ուզում եմ նշել, որ այսօր մեծագույն խնդիր է, որ ոչ միայն կյանքում և առօրյայում, այլև թատերական արվեստում մշակված մարմնի մեծ պակասորդ կա: Եվ ձեր մասնագիտության հետ մենք շատ ավելի հույսեր և սպասելիքներ ունենք, քան դուք կարող եք պատկերացնել: Արդեն 100 տարուց ավելի է` ինչ բոլոր գեղարվեստական որոնումների կենտրոնում մարդկային մարմինը, այդ մարմնի լեզուն և կատարելությունն է: Եվ սա չի վերաբերում միայն պարային արվեստին, այլ նաև դրամատիկական արվեստին՝ թատրոնին: Մենք չենք ուզում, որ պարը, խորեոգրաֆիան, մշակված մարմինը մնան միայն պարի ոլորտում. պարարվեստի նախասկզբունքը պետք է մուտք գործի ամենուր` լինի մեր կյանքի, կենցաղի, արվեստի մյուս ոլորտների կենտրոնում: Մշակված մարմինը, կեցվածքը պետք է ներդաշնակվեն գիտելիքի, կրթվածության, բովանդակության, մտքի խորության հետ, և արտաքին գեղեցկությունը լինի մտավոր զարգացման և իմացության արտացոլանք: Այնպես որ, եթե կա միտք, կա մարմին, մենք գործ ունենք բարձրագույն արժեքի և բարձրագույն արվեստի հետ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցի սաները լինելու են այդ բարձր արվեստի կրողներն ու ներկայացուցիչները: Նախարարի տեղակալը շնորհավորել է նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքներով լեցուն աշխատանք: Այնուհետև, Արա Խզմալյանը շրջել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի շենքում, ծանոթացել պետական աջակցությամբ պարասրահի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Որակյալ կրթություն ապահովելու տեսանկյունից պարասրահի հիմնանորոգումը չափազանց կարևոր է: Պարարվեստի քոլեջի հետ կապված մշակվել է լուրջ հայեցակարգ, ըստ որի` դպրոցը պետք է ապահովի ոչ միայն խորեոգրաֆիկ փորձառության և կրթության միջավայր ու համակարգ, այլ նաև հնարավորություն ընձեռի ձեռք բերելու դրամատիկական թատրոնի արտիստին անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և փորձ, ինչի շնորհիվ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:
Կարծիքներ