ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները ներկայացվել են «Պրոռեստավրացիա» միջազգային փորձագետների խորհրդի նիստին
Հայաստանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Պրոռեստավրացիա» մշակութային ժառանգության միջազգային փորձագետների խորհրդի նիստին:
Հայաստանը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը՝ որպես վերականգնման միջազգային փորձագետ: Նա ներկայացրել է «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման աշխատանքները՝ որպես մշակութային ժառանգության զարգացման ուղղություն» թեմայով զեկուցում՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները։
Անդրադարձ է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից վերականգնված կամ ընթացքում գտնվող, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական և նախնական ցանկերում ընդգրկված հայկական հուշարձաններին, դրանց վերականգնման, պահպանության գործում պետություն-մասնավոր և միջազգային գործընկերների հետ համագործակցություններին։
Նիստում տարբեր երկրների ներկայացուցիչները կարևորել են Հայաստանում անցկացվող վերականգնման աշխատանքների պատշաճ իրականացումն ու դրա նշանակությունը։ Առանձնակի շեշտվել է Հայաստանում ոչ միայն միջնադարյան հուշարձանների, այլև խորհրդային տարիներով թվագրվող հուշարձանների վերականգնմանը հատկացված ուշադրությունը ՀՀ կառավարության կողմից։ Նշենք, որ մասնակից մյուս երկրների կողմից ներկայացվել են մեկական հուշարձանների վերականգնման գործընթացները։
Այցի շրջանակում Լուսինե Իգիթյանը ծանոթացել է ՌԴ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վերականգնման բաժինների ուսանողների՝ տեղում իրականացվող գործնական աշխատանքներին:
Կազմակերպվել են այցեր վերականգնված կամ վերականգնման ընթացքում գտնվող տարբեր պատմության և մշակույթի հուշարձաններ, քննարկվել են վերականգնմանը վերաբերող հարցեր միջազգային փորձագետների կողմից։ Քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարները տարբեր երկրների հետ։
Կարծիքներ