Մետրոպոլիտենում երեք չաշխատող վագոն կսկսի աշխատել
Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ պլանից 58 հազար ավելի ուղևոր է փոխադրվել մետրոյով, ինչը նշանակում է, որ Մետրոպոլիտենը ծանրաբեռնված է աշխատում։ Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ունե՞նք կանգնած վագոններ։
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն ասաց, որ այդպիսիք կան. «Հիմա սպասում ենք անվազույգերը գան։ Վագոններ կան, որ էլի պետք է գիծ դուրս գան։ 620 միլիոն Կառավարությունը հաստատել է, բայց այսքանով պետք է չսահմանափակվենք, որովհետև մենք էլի հրատապ ծախսեր ունենք պահեստամասերի և մնացած այլ աշխատանքնների համար»։
Ըստ Սեդրակյանի՝ 620 միլիոնով ձեռք է բերվելու 32 անվազույգ և 4 կմ ռելս։ «3 չաշխատող վագուն կսկսի աշխատել։ Մոտավորապես 10-ը կանգնած են։ Եթե 3 ամսվա մեջ մատակարարը մատակարարի շատ արագ աշխատանքները կանենք։ Մեզ ընդամենը պետք է 15- օր, որպեսզի վերականգնենք»։
Մետրոսպոլիտենի տնօրենը նաև ներկայացրեց մյուս հրատապ հարցերը՝ նշելով, որ արդեն մրցույթներ են հայտարարված պահեստամասեր ձեռք բերելու համար՝ հավելելով, որ միայն անվազույգերով հարց չի լուծվում։
Կարծիքներ