ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Ջաբալիայի ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով կա 195 զոհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտնել է, որ Ջաբալիայի փախստականների ճամբարին հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 195 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալության հրապարակումից։
Ըստ ՀԱՄԱՍ-ի մամուլի գրասենյակի՝ 12 մարդ անհետ կորած է, 777 մարդ վիրավոր է։
Ջաբալիան Գազայի ամենամեծ փախստականների ճամբարն է։ Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոնները տեղակայել է քաղաքացիական շենքերի տակ կամ դրանց մեջ՝ վտանգի տակ դնելով խաղաղ բնակիչներին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ ճամբարին հասցված հարվածները կարող են պատերազմական հանցագործություններ լինել՝ հաշվի առնելով մարդկային զոհերի թիվը և ճամբարում ավերածությունների մասշտաբը։
Իսրայելական կողմը հայտնել է, որ ավիահարվածների ընթացքում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատար է սպանվել։ Իսկ հոկտեմբերի 27-ին Գազայի հատվածում ցամաքային գործողություններ սկսելուց ի վեր զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 17-ի։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմում զոհերի թիվը 1400 է, շուրջ 240 մարդ գերի է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8796 մարդ, այդ թվում՝ 3648 երեխա։
Կարծիքներ